Առաջիկա օրերին ստուգումներ կանցկացվեն Երևանի հիվանդանոցներում. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նոր նշանակումները երկար սպասեցնել չեն տա: Նախարարին զեկուցվել է նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին: ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինը իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի Կառավարությանը: Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է աշխատակազմի ղեկավարին խստագույնս շարունակել դեմոնոպոլիզացման գործընթացը և շեշտել. «Եթե տնտեսվարող սուբյեկտները ինքնակամ չգան օրինական դաշտ, ապա հիմնահարցերը կկարգավորվեն իրավական դաշտում»: Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների վերաբերյալ նախարարի հանձնարարականին՝ Հ. Եմիշյանը նշել է, որ մշակվում են առկա բոլոր խնդիրները և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական վարժանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարել է հաշվառել և աշխատանքներ տանել՝ նախարարության տեխնիկական միջոցների որակի բարձրացման ուղղությամբ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է, որ անցնող շաբաթ ստուգումներ են իրականացվել Երևան քաղաքի 23 գազալցակայաններում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 12 գազալցակայանում առկա են քաղաքաշինության նորմերի խախտումներ՝ համապատասխանաբար կազմվել են արձանագրություններ: Ստուգումներ են իրականացվել նաև մարզերի 234 գազալցակայանում, իսկ շարժական գազալցակայաններ շահագործող սուբյեկտներին ուղարկվել են նամակներ՝ շահագործումն անհապաղ դադարեցնելու պահանջով: Տեսչության պետը նշել է, որ առաջիկա օրերին ստուգումներ կմեկնարկեն Երևան քաղաքի հիվանդանոցներում: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են հունիսի 8-ից անհետ կորած համարվող Այնթափ համայնքի 14 ամյա բնակչի որոնողական աշխատանքները. փրկարարական ուժերը ներգրավված են ամբողջ մարզում իրականացվող աշխատանքներում, սակայն երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ստացվում է ապատեղեկատվություն, որը խոչընդոտում է որոնողական աշխատանքները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության, տեղում ստուգել հավաստիությունը և ակտիվ շարունակել երեխայի որոնումը: Նախարարին զեկուցվել է նաև մարզում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի մասին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.