Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել: Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի վարույթ: Քրեական գործով Մ. Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի հասցեներում կատարված խուզարկություններով և հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման մասին վկայող բավարար տվյալների հիման վրա նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: Բացի այդ, նույն օրը վարույթ է ընդունվել Մ. Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված ևս երկու գործ, որոնք նույնպես միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործին: Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱԱԾ քննիչներից կազմվել է քննչական խումբ: ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կապահովվի անհրաժեշտ իրազեկում: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.