Կլանային համակարգ էր ստեղծվել Ստանիսլավսկու անվան թատրոնում. Գեղարվեստական ղեկավարի թեկնածուն մշակույթի նախարարին հրավիրում է թատրոն

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակմանը: Նա նշեց, որ առաջադրված է երկու թեկնածու՝ ինքը և նախկին գեղարվեստական ղեկավարի աղջիկը՝ Նորա Գրիգորյանը, ով 25-ամյա երիտասարդ ռեժիսոր է: «Վերջին շրջանում ներկայացումների որակն է ընկել, վատաբանվում է ռուսական թատրոնի համբավը: Թատրոնը պետք է ղեկավարի գրագետ և գործից հասկացող մարդ, բայց ժառանգական, կլանային համակարգ էր ստեղծվել»,-ասաց նա: «Թատրոնի կոլեկտիվի 80 տոկոսը, չեմ ասի, իմ կողմից է, սակայն դեմ է, որ Նորա Գրիգորյանը լինի գեղարվեստական ղեկավար»,-ասաց նա: Վերջինս նշեց՝ Նորա Գրիգորյանը ամենաթողության է մատնել թատրոնը: «Նորա Գրիգորյանը երկու տարի ինքնաբեմադրություն էր արել թատրոնում, նշում է, որ թատրոնի ուղն ու ծուծը գիտի և հիմա ուզում է դառնալ գեղարվեստական ղեկավար, որ բարձրացնի թատրոնի որակը, և հարց է ծագում՝ այս երկու տարին ինչ էր անում: Նորա Գրիգորյանը բեմադրություններ է արել՝ ինչ ուզել է, ոնց ուզել է և երբ ուզել է»,-ասաց նա: Ռոբերտ Հակոբյանը հնարավոր համարեց, որ եթե իշխանափոխություն չլիներ, Նորա Գրիգորյանը արդեն կլիներ գեղարվեստական ղեկավար: Նա նշեց, որ որոշել է իր թեկնածությունը առաջադրել, քանի որ ոչ մեկը չի ուզում ստանձնել այդ բեռը: «Ես դեմ եմ այդ թեկնածությանը, դրա համար ներկայացրել եմ իմ թեկնածությունը, այս ամենը նրա դեմ է: Ես ինձ լավ եմ հիմա զգում, խնդիր չունեմ, ես սրանով գլխացավանքի տակ եմ մտնում, քանի որ ահավոր մեծ աշխատանք է սպասվում նրան, ով էլ որ լինի գեղարվեստական ղեկավար»,-ասաց նա: Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ Մշակույթի նախարարը դեռ իրենց չի հանդիպել և խնդրեց նախարարին գալ թատրոն, հանդիպել խմբի հետ: Նա նշեց, որ թատրոնի տնօրենը հանդիպել է նախարարի հետ, բայց ուրիշ հարցեր են բարձրաձայնվել: Հարցին, թե եթե գեղարվեստական ղեկավար դառնա, հանելու է Նորա Գրիգորյանի խաղացանկը, նա պատասխանեց, որ չի պատրաստվում վենդետայով զբաղվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.