ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը Վեհափառին տեղեկություններ է փոխանցել Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման կապակցությամբ շնորհավորեց պրն. Պավել Չեպլակին՝ փոխանցելով իր բարեմաղթանքները: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական սերտ կապերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրանք գալիս են դարերի խորքից և պայմանավորված են Լեհաստանում հայկական համայնքի առկայությամբ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ միջեկեղեցական ոլորտում ևս առկա են ջերմ հարաբերություններ ու գործակցություն: Այնուհետև Լեհաստանի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.