Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում: Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.