Ի՞նչ է թաքնված աղմկահարույց հրաժարականի հետևում

Մանե Թանդիլյանի՝ սեփական հրաժարականի մասին հայտարարությունը շատ վերլուծաբաններ համարում են Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ, երբ կառավարության անդամն, ելնելով սեփական համոզմունքներից, միանգամայն կամովին հրաժարվում է շատերի համար կյանքի նպատակ ու հիմնական իմաստ համարվող բարձր պաշտոնից: Ընդ ուրում՝ Թանդիլյանը միայն նախարարի պաշտոնից չէ, որ հրաժարվել էր. նա այլևս Լուսավոր Հայաստանի անդամ չէ, ու որոշում է կայացրել դուրս գալ Էդմոն Մարուքյանի կուսակցությունից նույնպես: Իրականում, սակայն, չթերագնահատելով Թանդիլյանի կամային հատկանիշներն ու սկզբունքայնությունը՝ հարկ է ընդգծել, որ  այդ հրաժարականի հիմքում միայն կենսաթոշակների հարցը չէ, որ կարող է ընկած լինել. կա տեսակետ, որ Թանդիլյանի քայլն ունի խորը քաղաքական ենթատեքստ՝ թե՛ կառավարության ներսում այժմ խմորվող իրավիճակի, թե՛ «Ելք» դաշինքի ներսում տեղի ունեցող  կոնկրետ  պրոցեսների իմաստով: Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն մտադիր է մասնակցել միայնակ՝ առանց «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետություն» կուսակցության: Ելնելով իրավիճակից՝ հարց է ծագում՝ կարելի՞ է, արդյոք, Մանե Թանդիլյանի կամային քայլն, այնուամենայնիվ,  համարել Էդմոն Մարուքյանի կողից արվող ժեստ՝ Փաշինյանին: Կարելի՞ է , արդյոք, սա  Մարուքյանի վրեժը համարել՝ Փաշինյանից՝ ապագա ընտրություններին  ընդառաջ իրեն միայնակ թողնելու համար, սեփական փառքով կիսվել չցանկանալու: Վերջիվերջո ակնհայտ է, որ Թանդիլյանի հրաժարականն ապակայունացնում է ժամանակավոր կառավարության  դիրքերն, ինչը քաղաքական տեսակետից չի կարող ձեռնտու լինել Փաշինյանին: Դատելով  Մարուքյանի վերջին ճեպազրույցի բովանդակությունից, որը նա ունեցել էր ԱԺ դահլիճում լրագրողների հետ, պետք է արձանագրել, որ ինքը՝ ԼՀ ղեկավարը,  Թանդիլյանի քայլը ոչ միայն համարել է ԼՀ-ից անկախ կայացրած որոշման արդյունք, այլև, ըստ էության, հերքել դրանում խորքային պատճառներ որոնողների այն կարծիքը, թե հրաժարականն արդյունք է «Ելք»-ում հասունացող ճգնաժամի: Այսինքն՝  առնվազը Մարուքյանի մակարդակով փաստացի հերքվում է այն տեսակետը, թե Թանդիլյանի անակնկալ պահվածքը որոշակի ներքին խժդժությունների արդյունք է: Եթե իսկապես հենց այնպես  է, ինչպես ներկյացնում է Թանդիլյանի զինակիցն, ապա առաջ է գալիս մյուս հարցը՝ արդյոք  կարո՞ղ է նախարարի՝ սեփական հրաժարականի մասին հայտարարությունն անուղղակիորեն ուղված լինել ընդդեմ այն քաղաքական ուժերի, որնք, այսօր մաս են կազմում Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը: Բանն այն է, որ շրջանառվում է կարծիք, որ Թանդիլյանն իր քայլով Հայաստանում նոր քաղաքական մշակույթի հիմք է դրել՝ հեռուն գնացող քաղաքական հետևանքներով. եթե ունես  արմատական անհամաձայնություն քո թիմի հետ, այս պարագայում՝ կառավարության, ապա որպես քո բողոքի արտահայտչամիջոց կարող ես ընտրել կառավարությունից և նույնիսկ կուսակցությունից հեռանալու պասիվ, բայց քաղաքական առումով  հնչեղ տարբերակը: Իսկ թե որը կարող է լինել ՀՀ-ում փաստացի նոր քաղաքական մշակույթի ձևավորման բուն նպատակն, առավել քան ակնհայտ է. Փաշինյանն ու նրա քաղաքական թիմակիցները միգուցե իրենց առաջ խբդիր են դրել ազատվելու ավելորդ բալաստից՝ նրանցից, ովքեր այս կամ այն պատճառով կարող են բացահայտ ըմբոստություն դրսևորել ու  դառնալ անցանկալի ընդդիմություն՝ կառավարության ներսում: Հաշվի առնելով հատկապես ՀՅԴ-Փաշինյան հասունացող բախումը՝ չի բացառվում, որ այս ամենն ուղղված լինի հենց Արծվիկ Մինասյանի դեմ.նա կարող է ակամա կանգնել բարդ ընտրության առաջ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ առաջիկայում կառավարության ներսում բավական հետարքրաշարժ զարգացումների է հասարակությունն ականատես դառնալու ու ամբողջական պատկերի մասին պատկերացում կազմելու համար հարկ է մի փոքր ավելի համբերատար լինել՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.