Եթե կողմերը համաձայնության գան, որ Հայաստանն իր անունից է խոսում, Արցախն՝ իր անունից, առաջընթաց կգրանցվի. Մանվել Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին, նոր իրավիճակ է ստեղծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Չի եղել նման բան, պետք է տեսնենք, թե ոնց կարող է նոր իրավիճակն անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտությանը, բանակցություններին: Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց նոր վիճակն՝ ասելով, որ չի կարող բանակցել, որովհետև արցախցին իրեն չի ընտրել: Սա տրամաբանական մոտեցում է»,-նշեց քաղաքագետը: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե կողմերը համաձայնության գան, որ Հայաստանն իր անունից է խոսում, Արցախն՝ իր անունից, առաջընթաց կգրանցվի: «Ադրբեջանը ոչ մի բան չի կարող ասել, որևէ կերպ սրան չի անդրադառնում, ընդամենը շանտաժներ է անում»,- հավելեց նա: Քաղաքագետի խոսքով՝ ի վերջո պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այն, որ Հայաստանը բանակցություններում պատասխանատու է միայն իր համար: «Ներկայացված էին մադրիդյան սկզբունքները: Դրանք ինչքանով են վերաբերում Հայաստանն, սա է խնդիրը: Բոլոր կետերը վերաբերում են Արցախին ու Ադրբեջանին, որոնք նախկին սովետական կարգերի ժառանգներն են: Հայաստանն ի՞նչ գործ ունի այս գործընթացում: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այսինքն՝ ներգրավված է այս գործընթացում: Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն մադրիդյան դրույթների շուրջ, իսկ Հայաստանն՝ այն խնդիրների շուրջ, որոնք բխում են անվտանգության երաշխավորի դերից»,- մանրամասնեց Մանվել Սարգսյանը: Նա ասաց, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է ասել, որ Աղդամն իրենցն է, իսկ Ղարաբաբաղը պետք է ասի՝ Շահումյանը մերն է: Սարգսյանի խոսքով՝ պետք է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի նրանց ներկայացվի, թե ով ինչ դեր ունի: «Իրավունքների ու պատասխանատվության պրիզմայով է պետք նայել ամբողջ պրոցեսին, և միայն այդ ժամանակ կգանք համաձայնության: Բանակցային պրոցեսում դերերի բաժանումից հետո կհստակեցվեն նաև Ղարաբաղի ու Հայաստանի իրավահարաբերությունները, կհստակեցվի, թե ինչ է երաշխավորը, ինչ է անելու Հայաստանը՝ որպես երաշխավոր: Հիմա ով ինչ ուզում, ասում է, որովհետև հստակեցված չէ, ասում են՝ դե միացած ենք էլի: Այնինչ, ամեն ինչ օրենքով պետք է լինի: Ո՞նց դատես Հայաստանի քաղաքացիներին որպես զինվոր, եթե ՀՀ տարածքից դուրս, օրինակ, հանցանք են գործում: Հայաստանում փորձ է արվում իրավական կարգ ստեղծել: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ հստակեցվում են հարաբերվելու խողովակները: Հանրապետության իրավունքներն ու պարտականությունները հստակեցման կարիք ունեն»,- շեշտեց Մանվել Սարգսյանը: Քաղաքագետն ասաց, որ չկա հռչակագիր՝ որտեղ նշված են Հայաստանի սահմանները. «Ապրում ենք լղոզված վիճակում: 26 տարի անց պիտի նման բաների մասին չխոսեինք էլի, ասել ենք՝ օրենքը որն է, իրավունքը որն է, մենք թույլ ենք, հովանավոր չունենք, անցյալը մեր դեմ է... Քառորդ տար է անցել, նոր եկել ենք, ճշտում ենք պետության իրավական հիմքերը: Անգամ հստակեցրած հռչակագիր չունենք: Դրանից հետո ամեն ինչ շարքով հստակեցվելու է»,- հավելեց Մանվել Սարգսյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ գնահատել է պետք, թե Ադրբեջանը որպես գործոն ինչ դեր պետք է ունենա բանակցություններում, պետք է գնահատել՝ արդյոք 4-5 շրջանից հրաժարվելը հարց լուծում է, ինչ հարց է լուծում, արդյոք Ադրբեջանը ճանաչում է մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանը չի ճանաչում մադրիդյան սկզբունքները»,- եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.