Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, անակնկալ է եղել, և Փաշինյանը դեռևս չի ընդունել այն. Էդմոն Մարուքյան

Մանե Թանդիլյանի հրաժարականը կուսակցության դիրքորոշումը չի եղել, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ Մանե Թանդիլյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելը կուսակցության համար էլ անակնկալ է եղել: «Միևնույն ժամանակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է: Գիտեք՝ նա «Դեմ եմ» շարժման առաջնորդներին է եղել, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը, դրա ներդրման հետ կապված խնդիրները, նրա համար շատ էական ու կարևոր նշանակություն ունեն»,- ասաց նա: Մարուքանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Պատգամավորը նշեց, որ միայն Փաշինյանի կողմից հրաժարականի դիմումն ընդունելուց հետո կանդրադառնա Մանե Թանդիլյանին կուսակցությունից այլ մարդով փոխարինելու հարցին: «Կուսակցությունից դուրս գալու հարցը, կարծում եմ, որ անձնական դաշտում է: Նա մեկնաբանեց, որ որպեսզի նաև կուսակցության գործունեությանը չխանգարի՝ կապված այս կառավարությանն աջակցելու հետ: Սակայն ասեմ, որ նման խնդիր չկա, այսինքն՝ Թանդիլյանը կարող է հրաժարական ներկայացնել ու դուրս գալ կառավարությունից, բայց մնալ կուսակցությունում՝ պահպանելով իր դիրքորոշումը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.