ԿԲ-ն ունի ճկունություն, որ ազատ մրցակցային պայմաններում կանխատեսված 4% գնաճի հնարավոր շեղումների խնդիրը լուծի. Ներսես Երիցյան

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սմբատ Բագրատյանի հարցը՝ ուղղված Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին, վերաբերում էր գնաճին: Նա նկատեց, թե կառավարությունը միջնաժամկետ ծրագրերում գնահատել է 4% գնաճ և հետաքրքրվեց, թե ԿԲ-ի համար ընդունելի՞ է այդ գնաճը՝ կայուն մակրոտնտեսական վիճակն ապահովելու համար: Բացի այդ, նա հարցրեց, թե ինչ կառուցվածք ունի գնաճը: «Նաև կցանկանայի իմանալ՝ այս 4% գնաճը կայունության ապահովման համար արդյոք ռիսկային չի դառնում ազատ մրցակցային պայմաններում, որը ենթադրում է, որ մոնոպոլիա չի լինի, որ գնաճն ու գնանկումը ազատություն կարող են ստանալ: Դրա համար նոր հաշվարկ նախատեսվո՞ւմ է, թե ոչ»,-հարցրեց նա: Ներսես Երիցյանը նշեց, որ ԿԲ-ի դրամավարկային մեթոդաբանությունն աշխարհի առաջադեմ մեթոդաբանություններից է, որի կանխատեսման նպատակը ապագային միտված քաղաքականությունն է: «Մրցակցության ազդեցության մասով մենք մշտապես հայտարարել ենք, նաև ԱԺ-ում, որ եթե լինեն առաջարկի շոկեր, շուկայի ճշգրտումներ և այլն, դրանց ԿԲ-ն անմիջական չի արձագանքում, այսինքն՝ օրինակ երբ բրնձի գները աճում են, մենք ոչ թե արձագանքում ենք գնի զսպմանը, այլ՝ երկրորդային գնաճին, որ դա չբերի տրանսպորտի, հացի գների աճ»,-ասաց նա և նշեց, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ ունի ճկունություն, որ լուծի այդ խնդիրը: Ինչ վերաբերում է կառուցվածքի որոշմանը, ապա նշեց, որ դա միջազգային ստանդարտներով է որոշվում, և այդ գնաճի թվերը ԿԲ-ն է չէ, որ որոշում է: «Հրապարակում են այդ ցուցանիշները՝ մեր կամքից անկախ, մենք անուղղակիորեն ենք ազդում այդ գնաճի վրա»,-ասաց նա և նշեց, թե համենայն դեպս մինչ այժմ գնաճը կարգավորելու գործընթացը ԿԲ-ն հաջողել է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.