Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է, հարգում եմ նրա որոշումը. Է. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Մանե Թանդիլյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու հանգամանքը մեկնաբանելը կոռեկտ չի համարում: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե դա քաղաքական որոշում է, ինքը չի կարող մեկնաբանել: «Մանե Թանդիլյանը բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է, և սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, ով նրան ճանաչում է 30 տարուց ավելի: Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նախկին պատգամավորի ու նախարարի ցանկացած որոշման»,- ասաց նա: Հարցին՝ սա ժամանակավոր, համաձայնության կառավարության առաջին ճա՞քն է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմա, եթե ասեմ, որ կառավարության առաջին ճաքերն են կամ առաջին ճաքերը չեն, դուք էլ կգրեք, որ նախկին իշխանությունը չարախնդում է: Մենք ասել ենք, որ չենք չարախնդալու, մենք չարախնդացող չենք, մենք կայացած ուժ ենք, դա կառավարության ներքին աշխատակարգն է, դա իրենց խնդիրն է: Կա կառավարության օրակարգ, թող Փաշինյանն իր թիմում որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Մենք ընդդիմություն ենք և կառավարությունում առկա փոխատեղումները չենք մեկնաբանում»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվեարկությանը, հաշվի առնելով նաև այն, որ օրենքը ՀՀԿ իշխանության ժամանակ է բերվել, Շարմազանովը ժպտալով ասաց, թե իրավիճակ է փոխվել: «Դուք հիշում եք, երբ առաջարկվում էր Փաշինյանի թեկնածությունը, երբ որ ինքն արդեն ԵԱՏՄ-ն գովաբանում էր, ես ասացի, թե ո՞րն է երաշխիքը, որ մնացյալ հարցերում Դուք չեք փոխելու ձեր դիրքորոշումը 180 աստիճանով: Ես ասացի, որ նա ինձ չհամոզեց, ու ասացի, որ այն կարծիքին չեմ, որ երբ քաղաքական գործիչը իշխանությունից տեղափոխվում է ընդդիմություն կամ հակառակը, ապա պետք է իր քաղաքական հայեցակարգը փոխի»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ քաղաքական հայեցակարգ՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխությունից: Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելուն և դիտարկմանը, թե նախկինում ՀՀԿ-ն էր այս օրենքով ճնշում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ հիմա էլ Փաշինյանն է ճնշում, Շարմազանովն ասաց. «Ես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեմ, իսկ ՀՀԿ-ն էլ փաստաբանի կարիք չունի: Մեր իշխանության ժամանակ ՀՀԿ-ն իր գնահատականներն այս հարցի հետ կապված տվել է»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.