Հայ-իրանական հարաբերությունները՝ նորովի. ի՞նչն է ոգևորել իրանցիներին

Դատելով ամենայնից՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կամ հեղափոխությունը բավական ջերմորեն է ընդունվել նաև Իրանի կողմից. այս երկրում հստակորեն նկատվում է հույս՝ նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ համագործակցությանը: Հունիսի 11-ին հանդիպում է տեղի  ունեցել ՀՀ-ի առոջղապահության նախարարի ու ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպան Սաջադիի միջև: Կողմերը քննարկել են ոլորտային համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով թափ հաղորդել հայ-իրանական ոլորտային համագործակցությանը: Սրանից առաջ էլ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար Արթուր Գրիգորյանն էր հունիսի 4-ին ընդունել դեսպանին: Հանդիպմանը քննարկվել էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Մեծապես կարևորվել էր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Հունիսի 8-ին էլ «Ծառուկյան» դաշինքից նախարար Գրիգորյանը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, Հայաստանը կարող է վերանայել Իրանից ներմուծվող գազի ծավալը։ Նույն օրը վարչապետ Փաշինյանն էր դեսպան Սաջադիի հետ հանդիպմանը մեծապես կարևորել հայ-իրանկան փոխգործակցության խորացումը՝ հայտարարելով. «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»: Փաստը, որ հայ-իրանական համագործակցությունն իսկապես կարևոր է երկու երկրների ռազմավարական շահերի տեսնակյունից էլ, հայտնի է վաղուց: Սակայն  պայմանավորված ինչ-ինչ հանգամնքներով՝ այդ  ներուժն այդպես էլ մինչև վերջ չօգտագործված է մնում, ինչը, թերևս, առավելապես վնասում է Հայաստանին, քանի որ մեր՝ շրջափակման մեջ գտնվող երկիրն այդ թվում և արտաքին քաղաքականության հարցում դիվերսիֆիկացիայի խնդիր ունի՝ չհաշված տնտեսականը: Ի՞նչը կարող էր ոգևորել իրանական կողմին՝ ըստ էության՝ նոր հայացքով նայելու Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին: Ակնհայտ է, որ դրան կարող է առաջին հերթին նպաստած լինել նոր իշխանութունների՝ «հողին առավել ամուր կանգնելու» վճռակամությունը, Հայաստանի շահը ամենից վեր դասելն ու առավել հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել ցանկանալը: Չնայած ռուսական կողմը մշտապես հայտարարել է, որ որևիցե պարագայում նպատակ չունի ու չի կամենում խոչընդոտել երրորդ երկրների հետ ՀՀ-ի հարաբերություններին, սակայն հանրահայտ է, որ իրանական գազի ներմուծման սահմանափակումներն ու դրա՝ ՀՀ տնտեսության մեջ ունեցած մասնաբաժնի ցածր մակարդակը շատերի կողմից ընկալվում է որպես արդյունք հայ-ռուսական հարաբերությունների բնույթի, իսկ ավելի ճիշտ՝ Մոսկվայից գործադրվող ճնշումների: Ոմանք այն կարծիքին են շարունակում մնալ, որ Իրանի առաջ «կանաչ լույս չվառելու» ՀՀ նախկին իշխանությունների  քաղաքականությունն արդյունք է հանդիսացել որոշակի կաշկանդվածության՝ պայմանավոված հայ-ռուսական հարաբերությունների անհավասար բնույթով: Հիմա, փաստորեն, նախկին իշխանություններն  այլևս չկան, դրան զուգահեռ էլ նոր իշխանությունները հայտարարում են, որ իրենց գործունեության ելակետը Հայաստանի ազգային շահն է, իսկ հայտնի է, որ այդ ազգային շահը թելադրում է սերտ հարաբերութուններ հատկապես հարևանների հետ: Հետևաբար՝ Թեհրանը հույս ունի, որ առավելագույն ինքնուրույնության ձգտող Հայաստանի նոր իշխանություններն առավել համարձակ կգտնվեն իր հետ հարաբերություններում, ու բոլոր այն ոլորտներում, ուր իսկապես փոխշահավետ երկկողմ համագոչրծակցության համար ներուժ կա, «սայլը տեղից կշարժվի»: Իսկ Իրանի՝ Հայաստանի հետ հնարավորինս սերտ հարաբերոթյուններ կառուցելու հարցում ունեցած  շահագրգռվածությունն, անշուշտ, միայն աշխարհատնտեսական չէ, այլև՝ աշխարհաքաղաքական ու նույնիսկ ռազմաքաղաքական. Արևմուտքի հետ մշտական վեճի մեջ գտնվող այս երկիրը, որի դեմ, ըստ մի շարք հեղինակավոր վերլուծաբանների, հաջորդ տարի արևմտյան կոալիցիան պատերազմ է սանձազերծելու, խնդիր ունի չեզոքացնելու սահմանակից երկրներից եկող հնարավոր վանգը: Ճիշտ է՝ Հայաստանի հետ կապված՝ Թեհրանը չի կարող որևիցե մտահոգություն ունենալ՝ պայմանավորված երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններով, սակայն, ինչպես ասում են, մեծ քաղաքականության մեջ որևիցե բան բացառել հնարավոր չէ, ու հավանական վտանգը չեզոքացնելու լավագույն միջոցն է՛լ ավելի մեծ ոգևորությամբ բարեկամություն անելն է: Հիմա առավել քան երբևէ Իրանն ունի Հայաստանի կարիքն, իսկ սա նշանակում է, որ Երևանն էլ իր հերթին պետք է ջանք չխնայի Իրանի ներուժը սեփական շահերին ծառայեցնելու, այլընտրանքային ուղիներ գտնելու հարցերում: Իրանը կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանային տերություն է, որի հետ համագործակցության խորացումը կարող է միմիայն մեծացնել թե՛ ՀՀ-ի տնտեսական հնարավորությունները, թե՛ նոր արժեք հաղոդել Հայաստանի աշխարհքաղաքական նշանակությանը. սա պետք է հաշվի առնել: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.