Երկու ուշագրավ հայտարարություն. սառույցը կկոտրվի՞

Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների շուրջ իրենց կարծիքն են հայտնել հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանն  ու Միխայիլ Բաղդասարովը: Առաջինը հունիսի 9-ին Մատենադարանում կայացած Aurora Dialogus քննարկումների ժամանակ հայտարարել է, որ «նախկին վարչապետը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ընդդիմություն կար, այլ նրա համար, որ մարդիկ ասացին՝ չենք ընդունում, որ դուք ստեցիք», իսկ ահա Բաղդասարովն էլ  «Ժողովրդին» տված հարցազրույցում ասել է, որ «թավշյա հեղափոխությունը» վաղուց պետք է տեղի ունենար: «Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձևով: Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, և եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի»,-հայտարարել է 2014-ին սնանկ ճանաչված գործարարը: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ համաժամանակյա սինխրոնությամբ երկու գործարարներ, որոնց կապը Մոսկվայի հետ, հանրահայտ է, բավական սերտ է, հայտարարում են, որ ոչ միայն դեմ չեն կատարվածին, այլև «տասը ձեռքով» կողմ են Փաշինյանի իշխանությանը, քանի որ նախորդն իրեն այլևս սպառել էր: Ավելին՝ նրանցից մեկը, ակնհայտորեն ոգևորություն ցուցաբերելով, հայտարարում է, որ պատրաստ է  գալ ու ներդրումներ անել: Ի՞նչ կարող է նշանակել երկու նշանավոր գործարարների համաժամանակյա ժեստը՝ հայաստանյան նոր իշխանություններին: Արդյոք նրանց տեսակետներում կարելի՞ է նշմարել ոչ միայն նրանց անձնական տեսակետն, այլև ասենք Կրեմլի միջնորդավորված կարծիքը հայաստանյան նոր իշխանությունների մասին՝ հաշվի առնելով թե՛ Բաղդասարովի ու թե՛ Վարդանյանի «ծագումնաբանությունը»: Թե՞, պարզապես, երկուսն էլ, միանգամայն սուբյեկտիվ դրդապատճառներով պայմանավորված, հայտարարություններ են անում՝ բացառապես անձնական մեսիջ հղելով Փաշինյանին՝ ասենք ի հեճուկս Սամվել Կարապետյանի: Ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից ցանկացած ներդրման մեջ, որում գերակշռող է օտարերկրյա կապիտալը, չի կարող չլինել աշխարհաքաղաքականություն մի երկրի պարագայում, ուր, ազնիվ լինենք, միջավայրը բիզնեսի համար օբյեկտիվորեն այնքան էլ հրապուրիչ չէ: Եվ ուրեմն՝ եթե նույնիսկ երկու գործարարներն ել ընդամենը սեփական տեսակետն են փորձել կիսել հանրության հետ, ապա միևնույն է՝ այդ ամենում չի կարելի կրկին անգամ աշխարհաքաղաքականություն չտեսնել, եթե, իհարկե, բացառում ենք այն, որ հնչած հայտարարությունները պարզ ու մասնավոր բնույթ կրող հաճոյախություններ չեն՝ նոր իշխանություններին: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.