Փաշինյանը կարող է հուսախաբ անել. ո՞րն է վտանգը

Թեպետ դեռևս վաղ է խոսել հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիայի գոլորշիացման մասին, սակայն անվիճելի է, որ վաղ թե ուշ ոգևորվածությունը տեղիք է տալու իրական կյանքին բնորոշ իրողություններով պայմանավորված տրամադրություններին: Նոր կառավարության գերխդիրն, ըստ էության, մեկն է. խնդիր է դրված՝ հնարավորինս կարճ ժամկետներում ընթացք տալու այն հարցերի լուծմանը, որոնք երկար տարիներ ի վեր հոգեմաշ են արել հասարակության բոլոր շերտերին: Այդ խնդիրներից մեկն էլ, անկասկած, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցերն են: Ինչպես հայտնի է, հասարակության  շրջանում պարտադիրի բաղադրիչի ներմուծումը պետության կողմից, մեղմ ասած, սվիններով էր ընդունվել, ու մարդիկ արդարացիորեն բողոքում էին ոչ թե կուտակային համակարգի դեմ՝ ընդհանրապես, այլ կոնկրետ «պարտադիր»-ի դեմ, քանի որ այն, ըստ էության, սահանափակում էր քաղաքացինեի իրավունքներն՝ անկախ այն պատճառաբանությունից, որ բերվում է դրա կիրառումն ընդունելի ներակայացնելու համար: Հայտնի է, որ նախարար Մանե Թանդիլյանը, կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով, Կառավարության քննարկմանն էր ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել էր սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Հունիսի 7-ի կառավարության նիստում Փաշինյանի ելույթից պարզ է դարձել, որ վարչապետը կտրականապես դեմ է որևիցե հետաձգմանն ու, ըստ էության, այս հարցում փոփոխություններ պետք  չէ ակնկալել: Փաշինյանի կտրուկ դիրքորոշման հետ կապված արդեն իսկ հնչում են մտահոգություններ ու դժգոհություններ, որոնք, պետք է նկատել, այնքան էլ հիմնազուրկ չեն թվում: Մասնավոապես՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանն է տարակուսանք հայտնել կառավարության դիրքորոշման վերաբեյալ՝ արդարացիորեն նկատելով, որ նման շիլաշփոթ իրավիճակի պատճառը նախորդ կառավարության կողմից կյանքի կոչված Հարկային օրենսգիրքն է, որն ուղղակի սահմանափակում է այս և նմանատիպ այլ հարցերում կառավարության ազատությունը. գործող Հարկային օրենսգիրքն է պատճառը, որ պարտադիր բաղադրիչը շարունակելու է տեղ ունենալ կուտակային կենսաթոշակային համակարգում հետայսու ևս: Իրականում պետք է արձանագրել, որ ոչ միայն կենսաթոշակների հետ կապված խնդրի պարագայում է Հարկային օրենսգիրքն իրեն զգացնել տալու, այլև բիզնես ոլորտը նույնպես ամբողջությամբ կախյալ վիճակում է գտնվում նույն  այդ օրենսդրությունից: Իսկ հայտնի է, որ հարկային օրենսգրքի մշակման հարցում Հայաստանը գրեթե երբեք անկախ որոշումներ կայացնելու ընդունակ չի եղել՝ պայմանավորված այն բազմամիլիարդանոց պետական պարտքի առկայությամբ, որ մեր երկիրն անկախությունից ի վեր կուտակել է սեփական քաղաքացիների ուսերին. Հարկային օրենսգրքի վերջնական տեսքի հարցում կամ ընդունել-չընդունելու խնդրում մշտապես իրենց ծանրակշիռ դերակատարումն են ունեցել համաշխարհային ֆինասնական կառույցները: Հիմա, փաստորեն, Փաշինյանն, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված է, մեղմ ասած, ոչ պոպուլյար որոշում ընդունել՝ մի բան, որը քաղաքական տեսանկյունից կարող է նրան ձեռնտու չլինել: Ավելին՝ անվիճելի է, որ եթե նոր իշխանություններն իսկապես նպատակադրվել են՝ արմատապես փոխելու ՀՀ բիզնես միջավայրը, երկրը դարձնելու գրավիչ այդ թվում և սփյուռքահայ ներդրողների համար՝ է՛լ չասած այլազգիների մասին, ապա առաջին բանը, որ պետք է անեն, նոր Հարկային օրենսգրքի ընդունումն է՝ օրենսգիրք, որ շատ ավելի լիբերալ ուղղվածություն պետք է ունենա, շատ ավելի բարենպաստ պայմանների երաշխիքներ տա պոտենցյալ ներդրողին, քան՝  ներկայիս փաստաթուղթը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանի տնտեսության ապագան լիովին կախված է լինելու հարկային օրենսդրության  բնույթից, քանի որ խնդիր կա ոչ միայն կոռուպցիոն մեխանիզմների հայտնաբերման ու դրանց չեղարկման հարցում, այլև օրենսդրական դաշտի, որը մեր երկրում, մեղմ ասած, անկատար է: Եվ ուրեմն՝ եթե նոր կառավարությունն իսկապես նպաակադրվել է ամենասեղմ ժամկետներում լուծել Հայաստանի թիվ մեկ գերխնդիրն ու տնտեսությունն իսկապես դուրս բերել ճահճից՝ դրա հետ մեկտեղ իր համար լուծելով քաղաքական խնդիրներ, ապա պետք է ոչ միայն ակտիվորեն զբաղվի չարաշահուների հայտնաբերմամբ ու կորած փողը բյուջե վերադարձնելու խնդիրներով, այլև ստեղծի օրենսդրական նախադրյալներ՝ Հայաստան կապիտալի ներհոսք ապահովելու, կանխելու փողի արտահոսքը երկրից. Հարկային օրենսգրքի բովանդակությունից է կախված լինելու երկրի զարգացման հեռանկարը: Կկարողանա՞, արդյոք Փաշինյանը ժողովրդավարության պաշարը լիովին կապիտալիզացնել դրսում, միջազգային ֆինանսական կառուցների հետ հարաբերություններում, թե՞ ոչ՝ ահա կարևորագույն հարցը: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.