/// Լավրովի ապտակն՝ Ալիևին. Երևանն ու Մոսկվան միանում են

Լավրովի ապտակն՝ Ալիևին. Երևանն ու Մոսկվան միանում են

Հայաստանի արտգործնախարարը «Կոմերսանտին» բավական ծավալուն հարցազրույց է տվել, որն, ըստ էության, լույս է սփռում ինչպես օրերս Լավրով-Մնացականյան  հանդիպման վրա՝ բացահայտելով              դրանց բովանդակության առանձնահատկություններն, այնպես էլ պատասխանում է վերջին շրջանում բավական ինտրիգային դարձած կամ գոնե այդպիսին մատուցվող հարցերից մեկին՝ ինչպիսի՞ն են լինելու հայ-ռուսական հարաբերությունները հեղափոխական իշխանությունների օրոք:

Մնացականյանի՝ լրագրողի համապատասխան հարցերին տված պատասխաններից պարզ է դառնում, որ նոր իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում շեշտակի փոփոխություններ կամ շտկումներ մտցնել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, այլև շարունակելով նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը՝ նպատակադրվել են է՛լ ավելի լայն   թափ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին՝ հասնելով նրան, որ դրանցում ներկայումս առկա որոշ խութեր տեսանելի ապագայում վերացվեն (խոսքն, ըստ էության, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին է): «Երկխոսության մակարդակում Հայաստանը և Ռուսաստանը գերազանց փոխըմբռնում ունեն: Դա ոչ միայն երկու ԱԳՆ ղեկավարների երկխոսությունն է, այլ նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև երկխոսությունը: Մենք բացարձակ պարզ ենք եղել մեր ձևակերպումներում, առաջին հերթին, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունում կայունությունը և հետևողականությունը մնում է անսասան: Ռուսաստանի հետ հարաբերություններն այս ուղղությունում ունեն առանձնահատուկ, վառ արտահայտված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում հենց այս ձևակերպման հիման վրա, այս կանխադրույթով»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

Այսպիսով՝ առնվազը հայ-ռուսական երկկողմ հարաբերություննհերի մասով պետք է արձանագրել, որ ռուս որոշ փորձագետների այն տեսակետը, թե ՀՀ նոր իշխանությունները նպատակ ունեն գնալու Վրաստանի կամ Ուկրաինայի ճանապարհով, պաշտոնապես հերքվում են Երևանի կողմից ու այն էլ բավական կտրուկ կերպով. Ռուսաստանն եղել է ու շարունակելու  է մնալ ՀՀ առաջնային ռազմավարական գործընկերը՝ կյանքի բոլոր ասպարեզներում՝ ռազմաքաղաքականությունից մինչև մշակութային կյանք:

Բայց Մնացականյանի հարցազրույցը միայն հայ-ռուսական հարաբերություններին  չէ, որ վերաբերում էր. դրանում արծարծվել է նաև Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալ-չմիանալու հարցն, ու հատկապես այն, թե ինչ դիրքորոշում կարող է Երևանն ունենալ ԵԱՏՄ-Բաքու հարաբերությունների հետագա խորացման պարագայում, Երևանը կո՞ղմ է դրանց, չեզո՞ք, թե՞ կտրականապես դեմ է հանդես գալիս:

Ադրբեջանին վերաբերող հարցադրումները, պետք է նկատել ուշագրավ են հատկապես ներկայումս Անդրոկվկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական որոշակի տեղաշարժերի ֆոնին ու մանավանդ ԱՄՆ նախագահ Թամփի՝ Ալիևին ուղղված հայտնի նամակի: Մոսկվայում ուշիուշով հետևում են Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում նկատվող ձնհալ հիշեցնող պրոցեսներին ու ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից՝ ջանում հասկանալ, թե ինչ կարելի է այդ ջերմացմանը հակադրել: Միանգամայն հավանական է, որ Հայաստանի՝  համապատասխան խնդրի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին Սոլովյովի ճշտող հարցադրումները կատարվել են ոչ այնքան կոնկրետ Երևանի դիրքորոշման վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որքան՝ Ադրբեջանին որոշակի ազդակներ հղելու՝ սթափեցնող ազդակներ:

Ի՞նչ է ակնարկում Մոսկվան Բաքվին: Մի կողմից անուղղակիորեն իր դժգոհությունն է հայտնում Թրամփ-Ալիև սիրախաղի առնչությամբ, մյուս կողմից՝ Ադրբեջանին սպառնում Հայաստանով, ռուս-ադրբեջանական հարաբերություններն առկախում Երևանի կամքից: Այսինքն՝ ՌԴ-ն ակնարկում է, որ եթե Ալիևը շարունակի «թելել Արևմուտքի թելն» ու հրաժարվի քիչ թե շատ կոմպլեմենտար քաղաքականությունից, ապա Մոսկվան կարող է նույն արցախյան խնդրում վարել ոչ թե հավասարակշռված քաղաքականություն, ինչպես հիմա է, այլ  որդեգրել ակնհայտ հայամետ դիրքորոշում՝ Բաքվի համար դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այս իմաստով պետք է նկատել, որ բավական խոսուն էր Լավրովի հայտարարությունը՝ վերաբերող Արցախի՝ բանակցային պրոցեսին միանալ-չմիանալուն: Լավրովը, հիշեցնենք, չբացառելով Ստեփանակերտի միացումը բանակցային պրոցեսին, միաժամանակ հարցը թողել է Երևանի ու Ադրբեջանի ուսերին՝ պատրաստակամություն  հայտնելով ողջունել երկու կողմերի համատեղ որոշումն՝ ինչպիսին էլ այն լինի: Սա ևս տհաճ ազդակ պետք է համարել՝ Բաքվին, որն, ինչպես հայտնի է,  կտրականապես դեմ է հանդես գալիս Արցախի՝ բանակցությունների սեղանին նստելու գաղափարին: Ի դեպ՝ պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ հայտարարել է, որ կտրուկ կերպով դեմ է Արցախի՝ բանակցային կողմ դառնալուն՝ վերահաստատելով Մամեդյարովի՝ շաբաթներ առաջ հայտնած դիրքորոշումը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Զոհրապ Մնացականյանի այցը՝ Մոսկվա բավական հաջող է անցել ու արդյունավետ. մի կողմից ռուսների մոտ փարատվել են անհիմն կասկածները, մյուս կողմից Երևանի հանդեպ համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով՝ Մոսկվան սթափեցնող ազդակներ է հղում՝ Բաքու՝ սթափվելու, իրականություն վերադառնալու՝ դրանով, ըստ էության, հասկացնելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում Կրեմլը շարունակելու է հանդես գալ խաղաղության պահպանման հիմնական երաշխավորի դերում, զսպել Ադրբեջանի  ախորժակը:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T20:25:46+00:00 Հունիսի 8 20:25|Մեկնաբանություն|0 Comments
//
//