fbpx
// ԵԹԵ ՄԻԱՅՆ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԻՔ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ…

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԻՔ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ…

Զարմանքով և ցավով պիտի նկատենք, որ սույն թվականի հունիսի 6-ին ոմն Թորոս Ալեքսանյան, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, իբր Աստղիկ բկ-ն Իսրայելից մեծ խմբաքանակ սերմնահեղուկ է բերել՝ արհեստական բեղմնավորում իրականացնելու նպատակով:

Հարգարժան պարոն Թորոս, նախ թույլ տվեք նկատել, որ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ Ձեր դիմելաձևը վիրավորում և վարկաբեկում է ոչ թե նրան, այլ հենց Ձեզ, որովհետև ցույց է տալիս ձեր փոքրոգությունը, ինչևէ, անդրադառնալով ձեր գրառմանը, ուզում ենք հստակորեն նշել, որ մեր իրավաբանները զբաղվելու են այս գործով և ցանկացած հերյուրանք Աստղիկ բկ-ի նկատմամբ պատժվելու է օրենքի խստագույն ուժով:
Մենք իրականացրել ենք ահռելի ներդրումներ և ստեղծել ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան հզորագույն մի կենտրոն, որը բոլորովին վերջերս ստացավ միջազգային ISO սերտիֆիկացում և ներկայում դիմել է ստանալու առողջապահության ոլորտի ոսկե աստղ համարվող միջազգային JCI հավատարմագրում, և մենք չենք հանդուրժելու մեր նկատմամբ զրպարտության և վարկաբեկելու որևէ փորձ:

Ձեր գրառման առաջին իսկ տողից պարզ է դառնում, որ այն ընդամենը կենտրոնը վարկաբեկելու փորձ է, սակայն շատ թույլ և ծիծաղելի փորձ, որը ոչ մի քննադատության չի դիմանում:

Նախ՝ դուք չեք նշում որևէ փաստ, որևէ աղբյուր, սակայն այնպիսի համոզվածությամբ եք ձեր խոսքը պնդում, կարծես ինքներդ մասնակցություն եք ունեցել գործընթացին և ձեր աչքերով եք տեսել:

Երկրորդ, դուք նույնիսկ հարկ չեք համարել ուսումնասիրել մեր էջը և տեսնել, որ որոշ ժամանակ առաջ մենք հայտարարություն էինք տարածել այն մասին, որ հրավիրում ենք սերմնաբջջի և ձվաբջջի դոնորների, այսինքն՝ մենք հրավիրում ենք հայ դոնորների, հետևաբար մենք չունենք այլ սերմնահեղուկ, որ կիրառենք արհեստական բեղմնավորման ընթացքում:

Ավելին, Դուք նույնիսկ տեղյակ չեք, որ ներկայում Աստղիկ բկ-ում արհեստական բեղմնավորման պատրաստված զույգերը տրամադրել են սեփական բջիջները և դոնորի կարիք չունենք:

Դուք տեղյակ չեք, որ կենտրոնում առաջին անգամ այս ամիս է կատարվելու արհեստական բեղմնավորում սահմանափակ թվով զույգերի, և ձեր կողմից նշված մեծ խմբաքանակի կարիքն իրականում մեր երկրում չկա:

Դուք չեք ուսումնասիրել և ոչ մի հետազոտություն այդ ոլորտի մասին, չեք տիրապետում ինֆորմացիայի, թե ՀՀ-ում տարեկան քանի զույգ է դիմում արհեստական բեղմնավորման, դրանցից քանիսն է իրականացվում դոնորի մասնակցությամբ և քանիսն է բարեհաջող ընթանում:

Ծիծաղելի է պարզապես հորինել ֆանտաստիկ մի պատմություն և հրապարակել այն, առանց մտածելու դրա հետևանքների մասին, առանց մտածելու այն ընտանիքների մասին, ովքեր այսօր դիմել են այդ գործողությանը, ինչ անհիմն մտավախություններ եք դուք նրանց փոխանցում, և խոսքը միայն Աստղիկի մասին է, այլ ընդհանրապես ամբողջ ոլորտի մասին ՀՀ-ում:

Դուք պատկերացնում եք, արդյոք, Ձեր կատարած հայտարարության պատասխանատվության չափը, ոչ միայն առողջապահական ոլորտի, այլև ընդհանրապես միջպետական հարաբերությունների ձևավորման հարցում:

Սիրելի հայրենակիցներ, մենք հստակ հայտարարում ենք, որ առ այսօր մեր կողմից որևէ սերմնահեղուկ չի բերվել Հայաստան ոչ Իսրայելից, ոչ որևէ այլ երկրից, Աստղիկ բժշկական կենտրոնի ղեկավարությունն անում է առավելագույնը ՀՀ-ում լավագույն առողջապահական սպասարկումն ապահովելու համար, այդ իսկ պատճառով համագործակցում է համաշխարհային առաջատար կլինիկաների և կենտրոնների հետ:

Մենք բաց ենք ցանկացած խրթին և Ձեզ անհանգստացնող հարցերին պատասխանելու և պարզաբանելու համար:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-07T17:15:59+00:00 Հունիսի 7 17:15|Իրավունք|0 Comments
//
//