Աղդամի տարածքում սկսել եմ հող մշակել, երբ մարդիկ դրա տեղը չէին իմանում քարտեզի վրա. Արայիկ Հարությունյանը` իր ունեցվածքի մասին

Ծեծկռտուքներ շատ են եղել Ղարաբաղում, երբևէ հանրությունը դուրս չի եկել փողոց, նոր իրավիճակ ունենք, «Ղարաբաղ տելեկոմի» սակագինը տարիներ առաջ ավելի բարձր էր քան այսօր, որակն էլ` ավելի վատ: Այս մասին մամուլի ասուլիսին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր աշխատանքից ազատման դիմում է  գրել: «Հանրությունը նոր պահանջ, նոր օրակարգ է դնում և այդ օրակարգը սահուն իրականացնելու առումով ես այսօր նպատակահարմար եմ գտնում իմ ծառայությունը մատուցել քաղաքական կուսակցության առաջնորդի դերում»,-ասաց նա: Նա նշեց, որ այսօր այլ իրավիճակ է և իշխանությունը ավելի զգոն պետք է լինի, ավելի թափանցիկ, և այդ խնդիրը պետք է նախագահը դնի նոր կադրերի առաջ, իսկ ովքեր մնան, պետք է իրենց գործունեության ժամանակահատվածում փոխեն իրենց գործելաոճը: «Դուք բողոքում էիք, որ շատ պաշտոնյաներ ասուլիսներ չեն տալիս, չեն ընդունում, այս ամենը պետք է փոխվի: Համոզված եմ, որ այն պաշտոնյաները, որոնք չառաջնորդվեն այդ սկզբունքով, եթե նախագահի կողմից փոփոխություն չկատարվի, հանրության ճնշումները լինում են այնպիսին, որ ստիպված հրաժարական են տալու նման մեր ընկերները»,-ասաց նա: Հարցին, թե ե՞րբ կլինի նորանշանակ պետնախարարի անունը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ րոպեներ կամ ժամեր հետո հնարավոր է հայտնի լինի անունը: Նա նշեց, որ իր հրաժարականի հնարավորությունը, թեև քննարկվում էր, սակայն վերջնական որոշումը կայացվել է երեկ կեսօրի կողմը: Անդրադառնալով իր ունեցվածքին՝ Արայիկ հարությունյանն ասաց, որ մինչև վարչապետ նշանակվելը եղել է Արցախի ամենախոշոր գործարարը` չհաշված մենաշնորհները և ոսկու հանքը, իսկ աշխատողների քանակը 2006 թվականից անցնում էր 700-ից: «Ջաբրաիլում սկսել եմ հող մշակել, որտեղ մինչ այսօր մարդիկ վախենում են գնալ, իսկ ես այնտեղ սկսել եմ հող մշակել 2000 թվականից: Բուրաստան է այնտեղ, երբ մինչ այդ տարածքը ամայի էր և որևէ մեկը չէր մշակում: Աղդամի տարածքում 97 թվականին եմ սկսել հող մշակել, երբ մարդիկ Աղդամի տեղը չէին իմանում քարտեզի վրա»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանների սեփականաշնորհմանը ևս մասնակցել է: «Իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ երկու ավերակ պատերազմից հետո դարձրել ենք Ղարաբաղի ամենահեռանկարային ընկերություններից մեկը: Երբ Հայաստանում բողոքում են խաղողի մթերումների ծավալներից, Ղարաբաղում այդ խնդիրը 2002 թվականից չկա, կարող է գինը չի բավարարում, բայց Արցախում այդ խնդիրը լուծվել է շնորհիվ իմ տնտեսական գործունեության»,-ասաց նա և նշեց, որ այսօր այդ գործարանը գյուղմթերքի վերամշակում է իրականացնում: Նա նշեց, որ այդ գործարանը հիմնադրել է, բայց իր սեփականությունը չէ: Նա հայտնեց, որ 2007 թվականին գործարանի 50 տոկոս մասնաբաժինն է ունեցել, այսօր ունի 30 տոկոս: Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ Ստեփանակերտում «Նաիրի» հանրախանութը վերջերս նվիրել է մեծ աղջկան: «Շահույթի գերակշիռ մասը բաժանել է` առանց բարձրաձայնելու»,-ասաց նա և նշեց, որ այն հողերը, որ մշակում է, սիրով կտրամադրի ցանկացողներին, թեև չմաշկվող հողեր շատ կան Արցախում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.