Քաղաքական հեգեմոնիայի ավարտը. ի՞նչ են մոգոնել հանրապետականները

Գործարար Արտակ Սարգսյանից հետո ՀՀԿ բիզնես թևի ներկայացուցիչներից ևս մեկ հոգի՝ Սամվել Ալեքսանյանը, հեռացել է ՀՀԿ խմբակցությունից. ՀՀԿ-ն զրկվել է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի երբեմնի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական իմաստով միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել: Իհարկե, եթե հավատալու լինենք, օրինակ, նույն Վահրամ Բաղդասարյանին, պետք է մտածենք, որ ՀՀԿ շարքերը լքելու վերջին շրջանի տենդենցն արդյունք  է բացառապես  ինքնամաքրմանը տրվելու ՀՀԿ-ի անկեղծ ցանկության: Սա, իհարկե, տարբերակ է, որն իսկապես գոյություն ունենալու իրավունք ունի: Հարցը, սակայն,այն է, թե ինչ են պլանավորել ՀՀԿ-ում, ինչու են որոշել գլխովի հանձնվել, ՀՀԿ-ի հետ տեղի ուենցողը «թավշյա հեղափոխության» ճնշման արգասիք է, թե՝ լավ պլանավորված քաղաքականության  արդյունք: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն որոշել շանս տալ նաև խորհրդարանական մյուս ուժերին՝ կամա-ակամա բարձրացնելով նրանց դերակատարությունը խորհրդարանում: Ամենահավանական տարբերակներից մեկը, թերևս, կարելի է համարել հեղափոխական իշխանություններից առաջացած սարսափը: Նույն Արմեն Աշոտյանն, օրինակ, իր վերջին հարցազրույցում անձնական կարծիք է արտահայտել, թե ՀՀԿ-ին պատուհասած այս արտահոսքը կարող է արդյունք լինել «նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»: Այսինքն՝ բոլորովին չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշել են «քյալլա չտալ» Փաշինյանի հետ՝ վախենալով հատկապես գործարար թևի նեկայացուցիչների շուրջ բաձրացող աղմուկից. ԱԱԾ-ի՝ 350 հոգուց բաղկացած հայտնի սև ցուցակն իր գործն, այնուամանյնիվ, անում է, ու բոլորովին չի բացառվում, որ հենց համազգային մասշտաբների սկանդալների կենտրոնում չհայտնվելու ցանկությունից ելնելով է, որ ՀՀԿ-ում որոշել են զենքերն իսկապես վայր դնել: Մյուս կողմից այս ամենը կարելի է համարել նաև շատ կոնկրետ քայլ՝ ուղղված արտահերթ ընտրությունների հնարավորինս երկարաձգմանը: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի՝ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն չլինելու հանգամանքն  էապես մեղմում է արտահերթ ընտրությունների հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու հարցի սրությունը՝ պատասխանատվության մի մեծ բեռ գցելով ոչ միայն «Ելք»-ի այլև մյուս դե ֆակտո մրցակից ուժերի վրա: Այսինքն՝ այս ամենով ՀՀԿ-ն յուրատեսակ թակարդ է լարում անխտիր բոլորի դեմ՝ ժողովրդավարական ներքին բարեփոխումների քողի ներքո փորձելով լուծել քաղաքական արևի տակ սեփական դիրքերը գոնե ինչ-որ չափով պահպանելու գերխնդիրը՝ մինչև կանցնի էյֆորիան ու, ըստ հանրապետականների տրամաբանության, հասարակությունը կհամոզվի, որ նոր իշխանություններն անկարող են ի կատար ածել այն խոստումները, որոնք հնչեցնելով էլ հեղափոխություն են արել, եկել իշխանության: Հանրապետականն ունի ժամանակ ձգելու խնդիր, ինչին էլ, ըստ էության, միտված  է քաղաքական նոր տակտիկան. մնում է միայն ինքնակապիտալիզացվելու հարցը Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.