Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած շենքի հետ կապված գործողությանը. մշակույթի նախարար

«Փակ շուկայի» շենքը թեպետ պատմամշակութային արժեք ուներ, բայց այդուհանդերձ ավերվեց և թողնվեց, ժողովրդական լեզվով ասած՝ «ֆուտլյարը» և այդ օրվա թե՛ Մշակույթի նախարարությունը, թե՛ իշխանությունը որևէ բան չկարողացան անել. ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է այն, ինչ մնացել է շենքից, պահպանել, քանի որ վերականգնելու մասին խոսք չի կարող լինել: Նա նաև Օպերայի շենքի մասին հետաքրքրվեց և ասաց, որ նախորդ նախարարը ցանկանում էր, որ տանիքին ռեստորան լիներ, մինչդեռ տեղյակ է, որ Մակունցը բացասաբար է արտահայտվել այդ մտքի մասին: «Բայց մի խնդիր կա, շենքը լուրջ արժեք լինելով՝ վրան անտենաներ են տնկած, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել շենքը ազատել ավելորդ մասերից, իսկ վերևի ժամացույցը կարևոր է, և շատ կուզենայի, որ կրկին աշխատեր»,-ասաց նա: Նախարար Մակունցը նշեց, որ ալեհավաքների և մյուս ավելորդությունների մասին կփորձի ավելի լավ տեղեկանալ և լուծում գտնել: Ժամացույցի տեղադրման հարցում պատգամավորները մատնացույց արեցին, որ դա Երևանի քաղաքապետարանի անելիքն է: Նիստին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ուղղեց, որ շենքի սեփականատերը Մշակույթի նախարարությունն է, և նա միանշանակ իրավասություն ունի հանելու ալեհավաքները: «Անտենաները թույլատրել է նախարարությունը»,-ասաց նա: «Օ՜, տեսնում եք, ես չգիտեի»,-արձագանքեց նախարարը և սիրով ընդունեց Արեյանի առաջարկը՝ շենքի հետ կապված խնդրի դեպքում համագործակցել: Ինչ վերաբերում է «Փակ շուկային», ապա նախարարը նշեց, որ Մշակույթի նախարարությունը պետք է հայտարարություն տարածի, որ այսուհետ նախարարությունը խստորեն հետևելու է ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի և այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը: «Ինչ տեղի է ունեցել, արդեն գիտենք, նաև «Փակ շուկային» առնչվող հարցերը, բայց այսուհետ կխնդրեինք ահազանգել, եթե տեղեկություն լինի»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.