Առողջապահության նախարարը մտադիր է ՀՀ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ սարքել, այլ ուղղաթիռ գնել՝ մեկի տեղը երկու հատ

ԱԺ-ում 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը: Ըստ նրա, այդ պատճառով հիվանդներին ուղղորդում են մայրաքաղաք, դրանով իսկ նվազեցնելով տեղերում բուժհաստատությունների դերը: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու է դեղագործական ապրանքների համար ծախսվել 3 մլրդ 500 մլն դրամ, իսկ բժշկական սարքեր ձեռք բերելու համար՝ ընդամենը 10 մլն: «Արդյո՞ք սա չի հուշում, որ մարզերում բուժսարքավորումերի կարիք չկա, բոլորը ապահովված են բարձր որակի սարքավորումներով, թե՞ ուղղակի ուղղորդում ենք բնակչությանը դեպի մասնավոր սեկտոր»,-ասաց նա: Առողջապահության նախարարն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից: «Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք ունենա, շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու», - ասաց նա: Նախարարը նկատեց, որ Հայաստանը սարքավորումների առումով աշխարհի շատ զարգացած երկրների չի զիջում: «Մարզերից ուղղորդումները ոչ թե սարքավորումերի պատճառով են, այլ մասնագետների բացակայության: Մենք պրոբլեմ ունենք մարզերը լավ կադրերով հագեցնելու առումով: Մի քանի ուղղություններով աշխատում ենք, սկսած նպատակային օրդինատուրաներից, սակայն մեզ այստեղ էլ քննադատում են, որ դա աքսոր է, ոչ թե աշխատանքի տեղավորում: Խնդիրը կա, բայց որ պետությունը չի գնում սարք, դա այդպես չէ»,- ասաց նա: Բացի այդ, ըստ նախարարի՝ պետք է բալանսավորենք ծախսերը և արդյունավետությունից ելնելով չենք կարող ցանկացած մարզում ունենալ ցանկացած հնարավորությամբ հիվանդանոց: «Դա ձեռնտու չէ պետությանը և տեղի աշխատողներին, որովհետև թերի աշխատող հիվանդանոցը աշխատանքի առումով տուժում է»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ չենք կարող ունենալ անթիվ հիվանդանոցներ, որովհետև այդ դեպքում որակ չի լինի: «Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.