Էդմոն Մարուքյանը Բակո Սահակյանին ժամանակ տվեց. որքանո՞վ է նա անկեղծ

Էդմոն Մարուքյանը 168.am-ին հարցազրուց է տվել, ու ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ թեպետ Արցախում հավանական փոփոխություների հետ կապված պետք է չշտապել, սակայն ժողովրդավարական բարեփոխումները պետք է այսուհետ կրեն շատ ավելի արմատական բնույթ, քան եղել է մինչ այս պահը: Փաստացի Մարուքյանը հայտարարում է, որ նոր իշխանությունների խնդիրը ոչ թե անձամբ Բակո Սահակյանի հետ է, ով ասոցացվում է ՀՀԿ-ի ու  անձամբ Սերժ Սարգսյանի հետ, այլ այն համակարգի, որ այժմ հաստատվել է  Արցախում ու որի գլուխը, բնակնաբար, Արցախի նախագահն է. Սերժ Սարգսյանի նախագահության դարաշրջանի ավարտն Արցախում պետք է նշանավորվի կա՛մ Բակո Սահակյանի ու նրա թիմի հեռացմամբ, որն, անկասկած, ծայրահեղ քայլ կլիներ,  կա՛մ Սահակյանն իր թիմով կամ առանց այդ թիմի օգնության պետք է ձեռնամուխ լինի Արցախում օրհասական դարձած խնդիրների լուծմանը՝ մարդու իրավուքների ոլորտին առնչվող խնդիրներ, ժողվրդավարական արժեհամակարգի խորքային հաստատում և այլն: Մարուքյանի հարցազրույցն, ըստ էության, բացահայտում է հայաստանյան նոր իշխանությունների՝ Բակո Սահակյանի նկատմամբ որդեգրած վերաբերմունքի էությունը: Հարցը, սակայն, այստեղ այն է, թե Բակո Սահակյանը որքանով է պատրաստ լինելու Արցախում իսկապես սկիզբ դնել երկար սպասված փոփոխություններին, կկարողանա,արդյոք, Սահակյանն այդ անելու համար Արցախի իշխանական համակարգում գտնել այն կարևոր հենակետերը, որոնց հենվելով էլ հնարավոր կդառնա կյանքի կոչել ՀՀ հեղափոխական իշխանությունների պահանջ-կոչը: Մարուքյանի խոսքերից պարզ է  դառնում նաև, որ նոր իշխանությունները մտադիր չեն հասնել Բակո Սահակյանի  հրաժարականին՝ ինչ գնով էլ լինի: «Ես միշտ կողմնակիցն եմ եղել Արցախում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության զարգացմանը, այդ արժեքների պաշտպանությանը:  Բայց մյուս կողմից՝ նաև կարծում եմ, որ Արցախը յուրահատուկ իրավիճակում գտնվող պետություն է, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը: Հետևաբար՝ կողմ եմ Արցախում ժողովրդավարական փոփոխություններին, բայց այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան Արցախի Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերով»,-հայտարարել է Մարուքյանը: Պետք է նկատել, որ չնայած Մարուքյանը ձեռնպահ է մնացել արցախյան իշխանությունների հետ ուլտիմատումի լեզվով խոսելուց՝ հասկանալով իրավիճակի նրբությունը, սակայն միանշանակ է, որ նրա այդ կեցվածքը կարող է ոչ միայն հանդիսանալ Սահակյանի նկատմամբ իշխանությունների ունեցած իրական վերաբերմունքի արտացոլումն, այլ լինել սովարական քող՝ քողարկելու հեղափոխական իշխանությունների իրական նպատակաները: Բոլոր դեպքերում միայն ժամանակի ընթացքում կարող է պարզ դառնալ, թե ինչ է Փաշինյանն ու նրա թիմը ծրագրել իրականացնել Արցախում. գործընթացները կընթանա՞ն իրենց բնականոն հունով, թե՞, այնուամենայնիվ, ականատես կդառնանք Երևանի թեկուզ անուղղակի միջամտությանն Արցախի ներքին գործերին: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.