Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։ Հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տիրող իրավիճակի առնչությամբ ու զորակցություն հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով Արցախի անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող մթնոլորտի ստեղծումից։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա: Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկջոկատայիններին: Արցախի ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 19։25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ.-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն է բերման ենթարկվել 15 քաղաքացի: Ավելի վաղ ցուցարարների հետ նրանց պահանջներն էր քննարկել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.