2018-ին 902 ծառայողական ավտոմեքենա է բյուջետավորվել՝ 2016-ի 951-ի համեմատ. Ատոմ Ջանջուղազյան

ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծառայողական մեքենաների հարցում որևէ փոփոխություն եղել է: «Արդյոք նոր կառավարությունը նո՞ր մոտեցում է որդեգրել այս ուղղությամբ: Ինչքան տեղյակ եմ, 1000-ից ավելի ծառայողական մեքենա ունենք, վարչության պետերի համար ևս, և անընդհատ քննարկվել է դրա նպատակահարմարության հարցը»,- ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2012թ-ին 915 ծառայողական ավտոմեքենա է եղել, 2018թ-ին 902 ծառայողական մեքենա է բյուջետավորվել, 2016-ին՝ 951 էր: «Սա փոփոխության դինամիկան է»,- ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ֆինանսների տեսակետից դժվար է այսօր սահմանազատել, թե դրանից որն է առավել նպատակայինը:
«Բայց որ ծառայողական նպատակներով մեքենաների օգտագործման կարիքը կա, աշխարհի ոչ մի երկիր չի բացառել: Խնդիրը վստահության աստիճանն է, թե արդյոք բավարար չափով կարողացել ենք հիմնավորել դրա կարիքը, և արդյոք այն օգտագործումը, ինչ մարդկանց աչքի առաջ տեղի է ունենում, համապատասխանում է այդ հիմնավորված կարիքին, թե ոչ: Ենթադրում եմ, որ հենց դրանով է պայմանավորված այս հարցի նկատմամբ հետաքրքրությունը»,- ասաց նա: «Ծառուկյան դաշինք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մինչ հարց կուղղեր, նկատեց, որ գործուղումների և շրջագայությունների ծախսերը հաշվետու տարում կազմել են 3 մլդ 793 մլն  դրամ: «Հետաքրքիր է՝ այդ ովքե՞ր են շրջագայել, ովքե՞ր պետք է պատասխանատու լինեն աղքատ ժողովրդի հաշվին շրջագայելու համար»,- ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շրջագայելու համար բյուջեից ոչ մի գումար չի հատկացվել, հոդվածի անունն է այդպես ուղղակի: Բացի դրանից, նրա խոսքով՝ յուրաքանչյուր  մարմին ներկայացնում է փաթեթը, և կարելի է տեսնել իր չափը: «Բացի դրանից, Կառավարությունը բոլոր գործուղումների համար ներկայացրել է չափը»,- ասաց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.