Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի, այնպես որ, պարո՛ն Ջանջուղազյան, Դուք կարող եք գիշերը հանգիստ քնել. վարչապետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ելք» դաշինքի քվոտայով պաշտոնը ստանձնած Մանե Թանդիլյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստի ավարտին անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին և նշեց, որ դրա վերաբերյալ դիմումներ է ստանում: Նախարարը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ասաց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: «Ընդհանուր տեսակի փորձաքննությունները, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն: Նաև համաներման ժամանակ որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել, հանձնարարել եմ իրավապահներին ուսումնասիրել, թե ինչու է փոխվել կարգը, ու այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն իրենց կարգը»,- ասաց Մանե Թանդիլյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, և սա պետք է հաշվի առնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հաշվի առնել այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասը պետք է էականորեն ավելանա, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: «Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն ու այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վա՛յ, փող չունենք, եկեք ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, Դատախազությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ը, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարո՛ն Ջանջուղազյան, Դուք կարող եք գիշերը հանգիստ քնել »,-ասաց նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.