/// Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին եւ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսեւորման եւ առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:

Զրուցակիցները նաեւ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին եւ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ նշել վերջինիս կարեւոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում:

Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-04-27T19:11:44+00:00 Ապրիլի 27 19:11|Պաշտոնական|0 Comments
//
//