Սերգո Երիցյանը անհրաժեշտ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալը. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Լեզվի պետական կոմիտե ստեղծելով և լեզվի զարգացման ծրագիրն ընդլայնելով հնարավոր է ոլորտում մի շարք խնդիրներ լուծել։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։ «Լեզվի հարցերով զբաղվող մարմինը պետք է նոր կարգավիճակ ստանա։ Լեզվի պետական տեսչության պետական գործադիր մարմնի կարգավիճակ ստանալը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունեինք, երբ գործում էր միայն որպես վերահսկող մարմին, կարող են լուծվել»,- նշեց Երիցյանը և ընդգծեց, որ անհրաժեշտ է լեզվաքաղաքականության պետական ծրագիր ունենալ, ինչի շնորհիվ մայրենին անաղարտ կպահվի։ Նրա խոսքով՝ լեզվի զարգացման պետական ծրագրի առկայությունն ու նոր մարմնի գործառույթների ընդլայնումը կարող է կտրուկ փոխել լեզվի ասպարեզի նկատմամբ վերաբերմունքը։ «Մի քանի խնդիրներ կբարձրաձայնեմ՝ լեզվաշինության, գրական լեզվի չափորոշիչների, օտար լեզուների ուսուցման և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ կարող են լինել ինչ-ինչ նախագծեր, որոնք լուծումներ են պահանջում, բայց ամբողջությամբ և համակարգային լուծում չեն ստանում։ Վերջին շրջանում բավականին ակտիվ քննարկվեց օտար լեզուների ուսուցման ծրագիրը, սակայն այն դեռևս չի ընդունվել, քանի որ բազմաթիվ թերություններ կան։ Այստեղ համակարգային, հստակ և հասցեական լուծումներ են պետք։ Մենք պետք է կարողանանք մեր ունեցած լեզվական գանձերը դարձնել համակարգչային։ Կարող ենք այնպես անել, որպեսզի նոր տեխնոլոգիաները ծառայեն խնդիրների լուծմանը։ Ես վստահ եմ, որ մեր Կառավարության կտրուկ մոտեցումը և Լեզվի կոմիտեի ստեղծումն առաջիկա տարիներին հնարավորություն կտա ունենալ շատ խնդիրների լուծումներ։ Լեզվաքաղաքականության պետական ծրագրի անհրաժեշտությունը, օրինակ՝ 2018-2028 թվականների համար, ավելի քան պետք է։ Եթե նմանատիպ ծրագիր չլինի՝ մենք չենք կարող իմանալ, թե առաջիկա տարիներին ինչ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը։ Նրա խոսքով՝ նախագիծն արդեն իսկ կա, տարբեր գերատեսչությունների կողմից հավանության է արժանացել, և իրենք սպասում են, որպեսզի առաջիկայում հաստատվի Կառավարության կողմից։ 1991 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.