Սառնակունքում գետի հունն ուղղել են դեպի Որոտան ՀԷԿ. գյուղաբնակները շվարած են

Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչներն ահազանգում են. գյուղի միջով հոսող գետի հունը ինչ-որ անձինք փոխել են, եւ ջուրը հոսում է Որոտան ՀԷԿ-ին պատկանող ՀԷԿ-երից մեկը: Դրա հետևանքով գյուղացիները զրկվել են անասուններին խմելու ջուր մատակարարելուց, բացի այդ, մտավախություն կա, որ ոռոգման շրջանում եւս ջուր չեն ունենա: Սառնակունք գյուղի բնակիչ Արսեն Թորոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն առկա է շուրջ մեկ շաբաթ: «Բացել են,  ոնց որ դեպի գետ ա գնում: Ճիշտ ա, հիմա ապրանքը դուրս չի գալիս, բայց, դե, կան մարդիկ, որ տանում են: 40 տնտեսություն էր օգտվում դրանից, հիմա ջուրը հոսում ա դեպի ջրամբար, իսկ մարդիկ չգիտեն ինչ անեն: Համայնքի ղեկավարին տեղեկացրել ենք, բնակավայրի ղեկավարը տեղյակ ա, բոլորս շվարած ենք, գնացել տեսել ենք, առնվազն մի շաբաթվա գործ ա պետք, որ դա նորից ուղղվի»,- պատմեց գյուղաբնակը: Նա նշեց, որ գետը հոսում էր գյուղի միջով, հիմա հունը փոխել են: Թե ովքեր են փոխել գետի հունը, գյուղացիները տեղյակ չեն, անգամ չգիտեն, թե երբ են փոխել: «Մարդիկ շվարած մնացել են, ստիպված պետք ա անասունները ծախեն, էլ կարտոլ չցանեն, ստեղ մենակ անասնապահությամբ  ու գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, ջուրն էլ կտրել են»,- ասաց Արսեն Թորոսյանը: Սառնակունք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ գետի հունը փոխվել եւ ուղղվել է ՀԷԿ-ի համար, սակայն իրավիճակը շտկվել է, եւ գյուղաբնակները ոռոգման շրջանում խնդիրներ չեն ունենա: «Հիմա հունը փոխվել է, եւ էլի իրա հունով գնում է»,- ասաց Առուստամյանը: Իսկ թե ո՞ւմ է պատկանում ՀԷԿ-ը, գյուղապետն ասաց, թե տեղյակ չէ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.