Ով ի վիճակի է ծառայության, պետք է ծառայի, ես 3 բուհ եմ ավարտել, բայց իմ պարտքը կատարել եմ որպես սպա. Վիգեն Սարգսյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով նկատեց, թե նախարարը կարևորել է, որ այս նախագիծն ընդունվի կոնսենսուսով:
«Այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է Ձեր փոխզիջումային պատրաստակամությունը, քանի որ բազմաթիվ լավ դետալներին զուգահեռ կան որոշ դետալներ, որոնք հասարակության, նաև խորհրդարանականների կողմից չեն ընդունվել»,-ասաց նա: Նախարարը նշեց, թե հանրային քննարկումների նպատակը հենց դա էր, և չի հիշում նրանց հետ հանդիպման ժամանակ հնչած որևէ բովանդակային առաջարկ, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում չի ներառվել: «Ես բավական ճկուն եմ քաղաքականություն մշակելիս և արել եմ ամեն ինչ, որ բոլորի ձայնը լսելի լինի»,-ասաց նա և հստակեցրեց, որ իրենք ընդամենն իրավական դաշտն են ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: «Կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել՝ գիտությամբ զբաղվող առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Բայց մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարելու»,-ասաց նախարարը: Վիգեն Սարգսյանն անձամբ իր օրինակը բերեց, որ իր պարտքը կատարել է որպես սպա: «Որովհետև այդ պահին ունեցել եմ երեք բարձրագույն կրթություն, թեև ունեցել եմ հնարավորություն այդ կրթությունով աշխատել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որի համար մեր օրենքները տալիս էին տարկետում, բայց ես ընտրել եմ ԶՈւ-ում որպես սպա ծառայելու տարբերակը և հպարտ եմ այդ տարիներով։ Համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան է տվել և գիտությունից էլ հետ չեմ մնացել առանձնապես, որովհետև դրանից հետո մեծ ոգևորությամբ դասավանդել եմ տարբեր մագիստրոսական ծրագրերում: Թեև ժամանակ չեմ ունեցել թեկնածուական թեզ պաշտպանել, բայց թեզերի հեղինակներին ինչ-որ առումով չեմ էլ զիջում՝ քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերություների հարցերում: Դա է իմ մոտեցման առանցքը, իսկ մնացածը կարելի է քննարկել»,-ասաց նա և հավելեց, որ եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ այս օրենքով գիտական հեռանկարները քայքայվում են, ինքը հավատացնում է, որ այդպես չէ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.