fbpx
/// Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում

Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում

Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ  երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը  քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապտացումը հայաստանյան պայմաններին: Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև  հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Նախարարներ Կարայանը և Առաքելյանը հանդիպել են նաև Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի հետ՝ քննարկելով խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:


Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-10-21T12:53:56+00:00 Հոկտեմբերի 21 12:53|Տնտեսություն|Մեկնաբանությունները կասեցված են Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում-ում
//
//