/// Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է (տեսանյութ)

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է (տեսանյութ)

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից, շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով:  Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները:

«Աշխատանքների որակից գոհ է եղել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր:

Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։

Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին:

Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ: Ճանապարհի հիմնանորոգումն արագ ավարտելու նպատակով աշխատանքները վստահվել են մրցույթում հաղթող ճանաչված երեք շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհ», «Կապավոր» և «Սուարդի»:

Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների 5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։ Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ վիճակում»,– հայտնում են նախարարությունից։


Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-10-17T13:03:59+00:00 Հոկտեմբերի 17 13:03|Հայաստան|Մեկնաբանությունները կասեցված են Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է (տեսանյութ)-ում
//
//