/// Հայաստանը`փակ շղթայում…

Հայաստանը`փակ շղթայում…

Հարցը, թե ինչու հատկապես վերջին տարիներին Հայաստանում գրեթե ոչ մի նոր արտադրություն չի հիմնվում, մշտապես եղել ու շարունակում է  մնալ հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկը: Նկատենք, որ հարցն այս, իրոք, հրատապ է, քանի որ Հայաստանը հետզհետ վերածվում է հարյուր տոկոսանոց ներմուծող երկրի, իսկ այն երկիրը, որն արտադրանք չի տալիս ու նույնիսկ չի կարողանում ապահովել իր ներքին շուկայի պահանջարկն, ապագա ունենալ չի կարող:

Սովորաբար, որպես վատթար վիճակում գտնվող տնտեսության հիմնական պատճառներ բերվում են կոռուպցիան, իշխանությունների անտարբերությունը, ոչ համակարգային լուծումների գնալն ու խնդիրներին իրավիճակային լուծում առաջարկելու սովորությունը: Այս իմաստով պետք է նկատել, որ, իրոք, քննադատության տեղ կա, ու ասել, թե խնդիրները միմիայն օբյեկտիվ հիմքեր ունեն, կնշանակեր կույր ձևանալ: Չնայած սրան, սակայն, պետք է նկատել, որ նույնքան կուրություն կլիներ նաև չտեսնել այն օբյեկտիվ պատճառները, որոնք ծնում են այն իրավիակը, որում այսօր գտնվում է Հայաստանը: Եվ ուրեմն` հարց է առաջանում`որո՞նք են այդ օբյեկտիվ պատճառները:

Պատճառները, պետք է նկատել, բազում են: Նախ մեր երկիրը շուկա չունի. Հայաստանում բնակչություն քիչ կա: Իսկ բնակչության թվաքանակն այն կարևորագույն գործոններից է, որ մեծ դեր է խաղում երկրի մրցունակության հարցում: Բայց բացի թվաքանակի խնդրից, ոչ պակաս խնդիր է նաև մարդկանց ոչ գնողունակ լինելու հանգամանը: Քաղաքացին այսօր այնպիսի վիճակում է գտնվում, որ բացի պատկերավոր ասած  հաց ու պանրից, ուրիշ ոչինչ չի կարողանում գնել. Հայաստանում բնակչության եկամուտների առյուծի բաժինը ծախսվում է պարենամթերքի վրա: Ընդ որում` սպառվում է հիմնականում միջին որակի ապրանքն այն պարագայում, երբ նմանաորակ ապրանք Հայաստանում հնարավոր չէ արտադրել. այն հիմնականում ներմուծվում է:

Իսկ նմանօրինակ ապրանքների արտադրության անհնարինությունը պայմանավորված է Հայաստանում արտադրելու տեխնոլոգիական հնարավորությունների բացակայությամբ: Բացի սա` դժվար է պատկերացնել, որ այստեղ արտադրված ապրանքն, իրոք, կարող է մրցակցել համաշխարհային առաջատար ֆիրմաների ապրանքների հետ. բոլոր պարագաներում երկրում արտադրվածը շատ ավելի թանկ ու անորակ է  ստացվում, քան` ներմուծվածը: Սա խնդիր է, որն իրականում համաշխարհային գլոբալ տնտեսությանը բնորոշ հարց է և պայմանավորված է գլոբալիզացվող աշխարհի առանձնահատկությւններով: Աշխարհն այսօր մեծ, ընդհանուր շուկա է, ու ազգային արտադրանքը խնդիր է ունենալու մրցակցել ոչ թե մեկ այլ առանձին վերցրած պետության արտարդանքի հետ, այլ `համաշխարհային հսկաների, որոնք իրենց ձեռքում են կենտրոնացրել մարդկությանը կերակրելու գործառույթը: Միակ ճանապարհը, թերևս, ներկրման արգելքը կլիներ, սակայն այդ պարագայում էլ Հայաստանը կկղզիանար ու կպարփակվեր իր մեջ: Եթե մենք ուզում ենք ապրանք արտահանել Հայաստանից` երկրում տարադրամ մտցնելու համար, ապա պարտավոր ենք լինում բացել սեփական սահմանները նույն այդ աշխարհի առաջ. Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր ենք ու մեծագույն ցանկության դեպքում անգամ չենք կարող երկաթե վարագույրի ճանապարհով գնալ:

Իսկ արդյունքում ստացվում  է փակ շղթա. թե՛ օբյեկտիվորեն, թե՛ սուբյեկտիվորեն Հայաստանը զարգանալու հնարավորություններ շատ քիչ ունի:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-06-12T21:59:12+00:00 Հունիսի 12 21:59|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանը`փակ շղթայում…-ում
//
//