/// Հայաստանը «չեմպիոն» է հռչակվել

Հայաստանը «չեմպիոն» է հռչակվել

Աշխարհում երկրների բարեկեցության աստիճանը որոշող մի շարք չափանիշներ են գործում: Այդ չափանիշներից մեկն էլ այս կամ այ երկրի ազգաբնակչության  առողջությանն առնչվող  ինդեքսներն են, որոնք հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել առողջապահության ոլորտում տարբեր երկրներում տիրող վիճակի մասին:

Եվ ահա ուսումնասիրություններից մեկի համաձայն` պարզվել է, որ Հայաստանում այս իմաստով չափազանց մտահոգիչ իրավիճակ է տիրում: Մասնավորչապես` «World Life Expectancy» կայքը, որը մոլորակի բնակչության կյանքի տևողության և մահացության վրա ազդող հիմնական գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու պարբերաբար հրապարակում, ներկայացրել է քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը աշխարհի 172 երկրներում։ Մեր երկիրն այդ ցուցակում առաջին հորիզոնականում է հայտնվել: Պարզվում է` Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 230-ը մահանում է օնկոլոգիական հիվանդություններից, ինչն աշխարհի մակարդակով ուղղակի ռեկորդ է:

Հարց է առաջ գալիս`ինչո՞ւ է մեր երկրիը հայտնվել կամ, ավելի ճիշտ, գտնվում նման անհույս վիճակում, ու հատկապես որոնք են այն պատճառները, որոնք փատացի զրոյացնում են առողջապահության ոլորտի պատասխանատուների  աշխատանքն ու ջուրը լցնում նրանց քրտինքը: Պարզվում է` այդ բացասական գործոնները մի քանիսն են. մասնագետների պնդմամբ` քաղցկեղային հիվանդությունների աճը պայմանավորված է ծխախոտի ազդեցությամբ, ֆիզիկական թերակտիվությամբ, ճարպակալմամբ, սխալ սննդակարգով: Բացասական գործոններից են նաև վտանգավոր սնունդն ու ջուրը, որոնց մեջ մետաղների և թունավոր նյութերի զգալի բարձր քանակությունը տարբեր հիվանդությունների պատճառ  են դառնում:

Բայց այս ամենն երևիթե այնքան ողբերգական ու ճչացող չհամարվեր, եթե չլիներ մեկ հանգամանք. որպես նման անհույս պատկերի հիմնական պատճառ նույն մասինագետները նշում են երկրում արմատացած ու որևիցե կերպ չնահանջող աղքատությունը. օնկոլոգիական հիվանդությունների աճը մեծապես պայմանավորված է բժիշկների կողմից դրանց ուշ փուլում հայտնաբերելու հանգամանքով. մարդիկ, չունենալով բավարար նյութական միջոցներ, ժամանակին չեն ստուգվում և հիվանդությունը վաղ փուլում չի ախտորոշվում: Ըստ վիճակագրության` Հայաստանում քաղցկեղով հիվանդների մոտ 60-62%-ն ախտորոշվում է 3-րդ կամ 4-րդ փուլում, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում բուժումը:

Այն, որ Հայաստանում բժշկությունը չափից դուրս թանկ է, այն, որ որակյալ բժշկական ծառայություններից օգտվելը շատերի համար երազանքի պես մի բան է դարձել, հայտնի իրողություն է: Ու որքան էլ Լևոն Ալթունյանը փորձի ասենք ծխախոտի գին թանկացնելով լուծել ազգաբնակչության առողջությանը վերաբերող խնդիներն, ակնհայտ է, որ քանի դեռ Հայաստանում բուժսպասարկումը մատչելի չէ, քանի դեռ հիվանդանոցների վիճակն այնպիսին է, ինչպիսին որ է ներկայում, Հայաստանը ոչ մի պարագայում իր «առաջատար» դիրքերը չի զիջելու ու շարունակելու է զարմացնել:

Ի դեպ`տեսնես ի՞նչ է այս ամենի մասին մտածում անձամբ Լևոն Ալթունյանը…

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-06-06T22:01:13+00:00 Հունիսի 6 22:01|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանը «չեմպիոն» է հռչակվել-ում
//
//