Արաբները խառն են…

Այն, որ արաբական աշխարհը գրեթե երբեք աչքի չի ընկել իր միասնականությամբ, այն, որ արաբական երկրների միջև մշտապես եղել են ու այժմ էլ կան անհաղթահարելի թվացող տարաձայնություններ, անհերքելի ճշմարտություն է: Այս երևույթի պատճառներն ինչպես օբյեկտիվ բնույթ ունեն, այնպես էլ հավասարապես սուբյեկտիվ են. մի կողմից լիովին բնական է, երբ առանձին վերցրած երկրներ, անկախ դրանց էթնիկ կազմից, տարբեր նպատակներ են հետապնդում կամ ունենում են միանգամայն տարբեր շահեր, մյուս կողմից արաբական աշխարհում տարաձայնություններն այսօր այնպիսին են, որոնք, եթե անկեղծ, պետք է որ անհաղթահարելի չլինեին: Ինչպես հայտնի է, Քաթարի հետ իրենց դիվանագիտական կապերն են խզել մի շարք արաբական երկրներ` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Թե ինչ է  կատարվում այժմ Մերձավոր Արևելքում, կամ թե ինչ հետևանքներ այս ամենն իրականում կունենա, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ այստեղ չափազանց նուրբ ու խորքային գործընթացներ են ծավալվում, անքննարկելի է: Մասնավորապես` արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել, որ Արևմուտքի մատն այս ամենում խառն է, ու սա, եթե կուզեք, Թրամփի դեբյուտը կարելի է համարել: Հարց է առաջանում`ինչո՞ւ պետք է ԱՄՆ «սուր ճոճի» մի երկրի դեմ, որը մշտապես աչքի է ընկել ԱՄՆ նկատմամբ իր լոյալությամբ, իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ին ռազմաբազա տեղակայելու և այլն: Իրականում, ինչպես նկատում են մի շարք առաջատար վերլուծաբաններ, այս ամենի հիմնական պատճառը ոչ այնքան  Քաթարն է, որքան Իրանը: Բանն այն է, որ Քաթարը բավական ջերմ հարաբերությունների մեջ  է գտնվում Թեհրանի հետ, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ վերջինիս աշխարհաքաղաքական մրցակից Սաուդյան Արաբիային, որն առաջիններից մեկն է, որ պայքար է մղում սուննի մահմեդական աշխարհում առաջնայնությունը վերցնելու համար: Այս իմաստով` Իրանն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաև նույն էրդողանական Թուրքիան մրցակիցներ են: Իսկ այս ամենը նշանակում է, որ Սաուդյան Արաբիան, ստանալով Թրամփի աջակցությունը (ակնհայտ է, որ Թրամփի մերձավորարևելյան շրջագայության հետևանքներին ենք մենք ականատես այժմ դառնում), դավադրություն է կազմակերպել իր համախոհների հետ`փորձելով մի լավ կսմթել Քաթարին ու հասկացնել, որ Իրանի հետ սերտ կապերն իրենց սրտով չեն, ու եթե Քաթարը ցանկանում է այս արևի տակ իր տեղ ունենալ, ապա պետք է խաղա արաբական աշխարհում հաստատված համընդհանորւ խաղի կանոններով, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց հակապարսկականությամբ. արաբներն ու պարսիկներն իրականում իրար այնքան էլ չեն սիրում: Այսպիսով` մեկ բան ակնհայտ է. Արևմուտքը, իսկ ավելի ճիշտ`Թրամփը, կոշտացնում է Իրանի հանդեպ վարվող քաղաքականությունն, ինչը նախևառաջ ձեռնտու  է Իսրայելին, քանի որ մի կողմից տեղի է ունենում արաբական աշխարհում պառակտում, մյուս կողմից Իրանն է մեկուսացման սպառնալիքի տակ հայտնվում, ինչը, բնականաբար, ձեռնտու է հատկապես Իսրայելին, որն էլ Թեհրանի հիմնական հակառակորդն է Մերձավոր Արևելքում`արաբական որոշ երկրների հետ միասին`իհարկե: Թե որքան «ջուր կքաշի այս խմորը», թերևս, դեռևս վաղ է ասել,բայց որ ինչ-որ խոշոր պրոցես է սկիզբ առել, ակնհայտ է. ԱՄՆ գրոհում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.