Կարեն Կարապետյանին ու Ծառուկյանին հերթական փորձությունն է սպասվում

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի հայտարարում, թե ինչպես է քվեարկելու Կառավարության ներկայացվելիք ծրագրին: Դաշինքից համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է, թե այդ հարցը դեռ չեն քննարկել: Հիշեցնենք, սակայն, որ մշտապես Կառավարության ծրագրի քվեարկությունների ժամանակ «Հանրապետականին» անհրաժեշտ են լինում ավելի ձայներ, քան թե կարող են ապահովել միայն իրենց խմբակցության պատգամավորների միջոցով: Եվ հետևաբար, այստեղ է, որ ընդդիմադիր ԲՀԿ-ը կրկին դառնում է սիրելի, ու կողմ է քվեարկում Կառավարության ծրագրին: Հովիկ Աբրահամյանի կառավարության դեպքում, պարզ է, որ այդպես էլ պիտի լիներ, իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ ԲՀԿ-ը դեռ կոալիցիայում էր: Իսկ հիմա իրեն ընդդիմադիր հայտարարած կուսակցության խմբակցությունը պիտի ամեն կերպ ապացուցի, որ ընդդիմադիր է, առավել ևս այն դեպքում, որ չի սպասվում, որ կառավարության ծրագիրը հեղաշրջող է լինելու, լինելու է ինչպես ամեն անգամ՝ խոստումներով լի, գործնականում՝ զրո: Սա, ըստ էության, փորձություն է նաև վարչապետ Կարապետյանի համար, ով պիտի ցույց տա, որ ինքն արդեն կայացել է, որ իրեն հավատում են ու իր ծրագրին էլ կողմ են քվեարկում: Բացի «Ծառուկյան» դաշինքից 3 խմբակցություն ևս կա: ՀՀԿ-ի պարագան պարզ է, թեկուզև այստեղ էլ վարչապետին համակրողներն, ըստ մամուլի, այդքան էլ շատ չեն: ՀՅԴ խմբակցության պատգամավորներն էլ ասում են, որ Կառավարության ծրագիրը կտեսնեն, կորոշեն, կքննարկեն, կհասկանան, թե ինչպես են քվեարկելու: Կոալիցիոն գործընկերոջը, դժվար թե, «փուռը տա» «Դաշնակցությունը»: Իսկ «Ելքից» էլ Norlur.am-ին փոխանցեցին, որ դեռ չեն շտապում: «Ծրագիրը կգա, կնայենք, առաջարկներ կներկայացնենք, բնականաբար, դրանք ընդունելու դեպքում ու մեր գաղափարներին համահունչ ծրագրի դեպքում, կողմ էլ կարող ենք քվեարկել»,-ասում են խմբակցությունից: Կառավարության ծրագիրը խորհրդարան կներկայացվի հունիսի 8-ին կայանալիք նիստի ժամանակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.