/// Ռուսներն իմաստնացել են…

Ռուսներն իմաստնացել են…

Այն, որ արցախյան հակամարտությունը վաղուց թևակոխել է մի փուլ, երբ նույնիսկ ամենաաննշան թվացող  տեղաշարժն այս խնդրում կամ որևիցե ցնցում ու անսպասելի հայտարարաւոթյուն կարող է լուրջ հետևանքներ ունենալ, առանձնակի փաստարկների կարիք չի զգում:

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, ուր անդրադարձել է վերջին շրջանում բավական լայն քննարկման թեմա դարձած հարցերի: Ռուս պաշտոնյան, մասնավորապես, անդրադարել է ՌԴ կողմից  Հայաստանին զենք վաճառելու, ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, արցախյան հակամարտությանն առնչվող թեմաներին` թեմաներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Արդկովկասում ռուսական շահերին:

Պետք է նկատել, որ ռուս պաշտոնյայի հարցազրույցը բավական հավասարակշված է ստացվել. բանախոսն,  ըստ էության, փորձել է հասկացնել Բաքվին, որ մի կողից ՌԴ-ն այսօր չի դիտարկում Հայաստանի հաշվին Բաքվի հետ մերձենալու տարբերակը, բայց մյուս կողմից բաց է թողնում դուռը Ալիևի համար` կառուցողական երկխոսություն ծավալելու:

Այսպես` խոսելով արցախյան հակամարտության թեմայով` ռուս դիվանագետն ասել է` Ռուսաստանը շահագրգռված է կարգավորման տեղաշարժով, սակայն հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին է։ Սա կարող է նշանակել մեկ բան` Բաքվի հույսերը, թե Մոսկվան ճնշում կբանեցնի Հայաստանի վրա` շուտափույթ կերպով բավարարելու Ալիևի քմահաճույքները, իրականում սին են ու չարդարացված: Մոսկվան, ըստ էության, կրկնում է ստատուս քվոն պահպանող իր այն հիմնական բանաձևը, որ երկար տարիներ ի վեր ասվում էր ամենաբարձր մակարդակով:

Ինչ վերաբեում է Հայաստանին զինելուն, որը անհանգստացնում է Բաքվին ու առաջացնում տագնապ` տարածաշրջանում ռազմական բալանսի խախտման առումով, ապա Կարասինը ոչ մի արտառոց բան դրանում չի տեսնում ու որպես իր հանգստության փաստարկ բերում է այն իրողությունը, որ Բաքվին ևս Մոսկվան հաճախակի է տարբեր զինատեսակներ մատակարարում:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, ինչպես հայտնի է, բավական մեծ ստվեր էր գցել Ռուսաստանում գործող ադրբեջանական սփյուռքի խոշոր կազմակերպություններից մեկի փակումը: Ինչպես և ակնկալվում էր, այս հարցը նույնպես չի վրիպել ազերիների ուշադրությունից, ու սրանք փորձել են ռուս պաշտոնյայից հետաքրքրվել, թե ինչ է նա մտածում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Կարասինն էլ հանգիստ տոնով հայտարարել է, թե ոչ մի ողբերգական բան չկա իրավական դաշտում լրջագույն խնդիրներ ունեցող կամակերպության փակման մեջ ու հիշել, որ բացի այդ կազմակերպությունից ադրբեջանական նմանատիպ ևս 200-ից ավելի կազմակերպություն է գործում ՌԴ-ում` վստահություն հայտնելով, որ ՌԴ-ն այսուհետ ևս զագացնելու է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Այսպիսով`եթե փորձենք մեկ նախադասությամբ ներկայացնել այսօր Մոսկվայում տիրող  վերաբերմունքը Բաքվի նկատմամբ, ապա պետք է արձանագրենք, որ այն առանձնապես աչքի չի ընկնում երազկոտությամբ: Ռուսներն իրականում հասկացել են, որ Ադրբեջանը կարող է դաժան խաղ խաղալ իրենց հետ` կեղծ ընկերոջ դիմակի տակ հանդես գալով ռուս-հայկական բարեկամության դեմ, տրամարդելով ռուսներին հայերի դեմ ու հետո նույն ռուսներին լքելով: Մոսկվայում, պետք է նկատել, համապատասխան եզրակացություններ արել են:

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-05-30T21:15:13+00:00 Մայիսի 30 21:15|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Ռուսներն իմաստնացել են…-ում
//
//