Ինչո՞ւ է անհանգիստ Ադրբեջանը

Արցախյան ճակատում կարծես վերջին շրջանում այնքան էլ հանգիստ չէ: Չնայած դեռևս վաղ է խոսել տոտալ պատերազմի հավանականության մասին, սակայն ակնհայտ է դառնում նաև, որ Բաքուն մտադիր չէ մոռացության տալ «հողերը հետ բերելու» սեփական ծրագրերն ու առնվազը առաջնագծում ձեռնարկում է քայլեր, որոնցից պատերազմի տհաճ հոտ է փչում: Թե ինչ շանսեր ունի Ալիևը գոնե այս փուլում կյանքի կոչելու իր ռազմատենչ ծրագրերը, չափազանց դժվար է ասել, քանի որ դատելով միջազգային իրավիճակից, դեռևս այնքան էլ հարմար առիթ չկա՝ ռազմաճակատում սրացումների գնալու համար: Հայտնի է  դարձել, որ ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ այդ երկրի Արդարադատության նախարարության հայցը: Պատճառը կառույցի կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելն է: Պարզվել է, որ կազմակերպության անունը չի մատնանշում գործունեության բնույթը, և կազմակերպության անունից գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշված կազմակերպության վերաբերյալ տվյալներին: Թե ինչով է պայմանավորված Ռուսատսանում Ադրբեջանի դեմ սկիզբ առած այս դեմարշն, անկակած, չտեսնել չի կարելի: Սա հերթական ազդանշանն է Ադրբեջանին՝ հետ կանգնելու պատերազմ սկսելու մտքից: Բանն  այն է, որ ի տարբերություն 2016-ի, այժմ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում մի փոքր այլ իրավիճակ է, ու Ռուսաստանի համար չափից դուրս ռիսկային է աչք փակելը Բաքվի նկրտումների վրա:Հետևաբար՝ Մոսկվան թե՛ դիվանագիտական, թե՛ այլ ուղիներով փորձում է Ալիևին հասկացնել, որ խաղաղ գործընթացը ոչ մի այլընտրանք ունենալ չի կարող: Իսկ ինչո՞ւ  է  ներկայումս Ռուսաստանը շահագրգիռ խաղաղության գործընթացի առաջխաղացմամբ: Բանն այն է, որ ՌԴ-ն ծրագրում է զորք տեղակայել ազատագրված տարածքներում, որոնք ըստ խաղաղության ծրագրի հայկական կողմը հանձնելու է Ադրբեջանին խաղաղության դիմաց, ինչի մասին նաև ակնարկել էր Մամեդյարովն իր վերջին հարցազրուցներից մեկում: Խնդիրը, սակայն այն է, որ Ադրբեջանը չունի հարյուր տոկոսանոց երաշխիքներ, որ ամեն բան կընթանա ըստ նախօրոք մշակված սցենարի: Հետևաբար՝ փորձում է իրավիճակը թեժ պահել՝ ջանալով հասկացնել, որ այս անգամ, կոպիտ ասած, Բաքուն «կուտը չի ուտելո»ւ ու չի քնեցնելու հիմնախնդրի կարգավորումը: Թե էլ ինչ արկածախնդրությունների կդիմի Ադրբեջանը, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ խաղաղությունն այլևս սասանված է տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ:          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.