Եվս մի քանի տարի և վերջ

Ինչպես հայտնի է, Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ՀՀ կառավարության նիստի ընթացքում կրթության և գիտության նախարարությանը հանձնարարել էր 15 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` բացառելու երկրորդ հերթը։Վարչապետը կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել նաև նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ նախագիծ: Պետք է նկատել,որ որոշումն այս` օպտիմալացնել հանրապետության դպրոցները, բավական մեծ աղմուկ է բարձրացրել որոշակի շրջանակներում, որոնք  հնչեցնում են հարցադրումներ, որոնց պատասխաններն այսօր ո՛չ ԿԳ նախարարությունը, ո՛չ էլ ընդհանուր կառավարությունը տալ չեն կարող: Նախ` նկատենք, որ  այս օպտիմալացումն ամենևին էլ առաջինը չէ մեզանում.  երկար տարիներ առաջ ևս նմանատիպ մի ծրագիր էր իրականացվել, որը, սակայն, որևիցե էկան արդյունքի չէր հանգեցրել: Եթե շատերը մայրաքաղաքային դպրոցներում անցկացվելիք օպտիմալացմանն ամենևին էլ դեմ չեն, ապա շրջանների, բայց հատկապես սահմանամերձ համայնքնրի կրթօջախների օպիմալացումն, ըստ շատերի, կարող է ողբերգական հետևանքներ ունենալ երկրի համար: Ինչո՞ւմն է վտանգը: Վտանգը նախևառաջ դեմոգրաֆիական է: Բանն այն է, որ այժմ հատկապես երկրի սահմանամերձ համայքներում ու շրջաններում դեմոգրաֆիական առումով ծայրահեղ ծանր պատկեր է ստեղծվել. գյուղը մեռնում է: Ու եթե գյուղական դպրոցների մեծամասնությունը փակվի, ապա առանց այն էլ նվազ բնակչություն ունեցող այդ համայնքերում առհասարակ մարդ չի մնա: Խնդիրներն, ինչ խոսք, այսքանով չեն սահմանափակվում, քանի որ առաջ է գալու նաև գործազրկության խնդիրը, բայց երևիթե ամենամեծ պրոբլեմն այսօր Հայաստանի հատկապես սահմանամերձ համայնքների բնակեցվածությունն է: Սակայն եթե փորձենք անաչառ նայել իրավիճակին, ապա կառավարության կողմից բերվող փաստարկները ևս զուրկ չեն տրամաբանությունից: Բանն այն է, որ օպտիմալացումը լավ օրից չէ,որ արվում է, ու դա, եթե կուզեք, բնական արձագանքն է այն ժողովրդագրական ծանր վիճակի, որ ներկայում ստեղծվել է Հայաստանում. արտագաղթը վերջին 10 տարիներին հարվածել է նաև մատաղ սերնդին, ու աշակերտների թիվը երկրում մոտ 300000-ով նվազել է: Հետևաբար` ինչ էլ ուզում են ասեն, կամ ինչպիսի պատճառաբանություններ էլ բերվեն, փաստ է, որ չանցկացնել օպտիմալացում ևս չի կարելի: Հարցն այն է, սակայն, թե որքան խելամտորեն կիրականացվի այդ օպտիմալացումն ու արդյոք ունակ կլինի՞ լուծելու իր առջև դրված նպատակները: Մի բան հաստատ է` օպտիմալացումը չի կարող բացասականորեն անդրադառնալ կրթության որակի վրա, եթե ճիշտ հունով այն ընթանա: Ցավոք, Հայաստանն այսօր այնպիսի անդառնալի աղետի մեջ է գտնվում, որ օպտիմալացումներ դեռ շատ ենք ստիպված լինելու անցկացնել, ու եթե երկրում սոցիալ-տնտեսական վիճակը առաջիկա տարիներին չշտկվի, ապա իրավիճակն այլևս հնարավոր չի լինելու փրկել. երկիրը ծերանում ու դատարկվում է, իսկ այս պարագայում դպրոցի շենք պահելը պետության համար ավելորդ ճոխության է վերածվում:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.