Ոտնձգություն`հայոց լեզվի դեմ…

Ցանկացած ազգի ու երկրի համար, լեզուն ինքնության, աշխարհում գոյության հիմնական առհավատչյաներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը: Ժամանակակից աշխարհում լեզվական քաղաքականությունը հատկապես գերտերությունների պարագայում չափազանց մեծ դեր է խաղում. տերությունները փորձում են ամեն կերպ իրենց լեզուն տարածել աշխարհում`այդպիսով ընդլայնելով իրենց մշակութային ազդեցությունն այլ երկրներում: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ` Հայաստանում: Հայաստանում վաղուց պետական պատշաճ հոգածություն հայոց լեզվի նկատմամբ իրականում չի իրականացվում, որի ապացույցը կարելի է գտնել ամեն քայլափոխին, որի ապացույցն է հանդիսանում հայագիտությանն ուղղվող չնչին գումարները և այլն: Պարզվում է`այս ամենին գումարած`Կառավարությունը որոշել է առաջիկայում փակել Լեզվի պետական տեսչությունը. վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է տարեվերջին ձեռնամուխ լինել համապատասխան որոշմանը: Թե որն է հայոց լեզվի նկատմամբ նման «հոգածության» բուն պատճառը, դեռևս հայտնի չէ, ենթադելի է, սակայն, որ  այս կառույցը ևս ակամա հայտնվել է վերջին ամիսների տենդենցների հորձնուտում: Ճիշտ է` սխալ կլինի ասել, որ Լեզվի պետական տեսչությունը մեր հանրապետությունում իր արդյունավետությամբ ամենաանզուգական պետական մարմինն է, սակայն ակնհայտ է նաև, որ այն ոչ մեկին չի խանգարում, ու եթե փորձում են այսկերպ իբր բարեփոխել համակարգն, ապա շատ ավելի լավ կլիներ, եթե տեսչությունը փակելու փոխարեն  դրա զարգացման ու գործունեության համապատասխան ծրագիր մշակվեր ու ֆինանսավորումն ավելացվեր, ինչն, անկասկած, կնպաստեր այդ կառույցի օգտակար գործողության գործակցի ավելացմանը: Բայց ոչ,որոշում է կայացվել փակել այն: Թե ինչ հետևանքներ կունենա Լեզվի պետական տեսչության փակումն այն պարագայում, եթե ոչ մի համարժեք կառույց այդպես էլ հետագայում չստեղծվի, դժվար չէ կռահել, քանի որ առանց այն էլ օտար ազդեցության տակ գտնվող մեր երկրում օրըստօրե հզորանում է օտար մշակույթների ազդեցութունը. հայոց լեզուն, փաստորեն, մնում է անպաշտպան:        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.