Վարչապետի պարտականությունն է՝ կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի վրա, բայց նաև խելամտորեն կենտրոնանալ մեկ անձի խնդիրների վրա. Փաշինյանը՝ Վարդանյանի մասին

screenshot-3_7-770x_

Երբ դուք ասում եք՝ այն երկրի բանտերում, որի հետ մենք պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը:

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Խամոյանը մասնավորապես հետաքրքրվեց. «Բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում խոշտանգավող մեր հայրենակիցներին այն երկրի բանտում, որի հետ պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Ապա պատգամավորը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ հստակ գործողությունների ծրագիր է ներկայացրել, թե ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելու համար:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

Արձագանքելով՝ Խամոյանն ասաց, որ մինչև մթնոլորտ են ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն անցկացնում է հացադուլի մեջ:

Նա ցուցադրեց Վարդանյանի և մյուս գերիների խոշտանգված լուսանկարները՝ ընդգծելով որ բոլորի կյանքին վտանգ է սպառնում, մինչև Փաշինյանը մթնոլորտ է ստեղծում Ադրբեջանի հետ:

«Դուք ՀՀ վարչապետն եք և պարտավոր եք նրանց վերադարձնելու»,- ասաց նա:

«Այո՛, Դուք ճիշտ եք ասում, ես ՀՀ վարչապետն եմ և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, նաև համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում, մեկ անձերի խնդիրների լուծման վրա: Եթե կա նպատակ այդ տրամաբանությունը, շրջել, այս գլխից ասեմ՝ դա անիրագործելի նպատակ է»,- պատասխանեց Փաշինյանը: