Հայաստանյան ընկերություններում ներդրումների համար լրացուցիչ գործիքներ կստեղծվեն. նախագիծ

1Zwayo09E77QvHxWocdb6PqxTyM6xWGheLfluMp8

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ  կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով առաջարկվում է սահմանել փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման իրավական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և մեր երկրում ձևավորված գործարար պրակտիկան: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:

«Օտարերկրյա և տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս շատ կարևորել են այս հասկացությունը և գործիքի կիրառումը մեր բիզնեսում»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ այդ համատեքստում առաջարկել է Կառավարությանը հանդես գալ նման նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում ոչ թե ստանալ իրենց գումարը որոշակի տոկոսներով, այլև դրա դիմաց ընկերություններում ստանալ բաժնեմաս: Գևորգ Պապոյանը նշել է, որ միաժամանակ ընկերության մասնակիցները` բաժնետերերը չեն առարկում այդ գաղափարին և չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: Այդ գործիքի իրականացումը տեղի է ունենում փոխարկելի պարտավորագրի պայմանագրերի միջոցով:

«Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաև ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ և այլն) ներգրավել ներդրումներ ներկա և հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- ասել է զեկուցողը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում այն դեռևս չի կիրառվում, որի պատճառն օրենսդրական համապատասխան կարգավորումներ չունենալն է:

Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը: Սահմանվել է պայմանագրի հասկացությունը, դրա կնքման և հետագայում պարտքի փոխարկման կարգը:

Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:

Նախաձեռնությամբ կարգավորվում են նաև փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:

Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել է դրական եզրակացություն. ասել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը` առաջարկելով կողմ քվեարկել փաթեթին: