Իշխանության «Չենք խոսում, որ չվնասենք»-ը շատ լավ տարբերակ է քողարկելու աշխատանքի բացակայությունը. Մամիջանյանը՝ Բաքվում պահվող անձանց մասին

screenshot-5_73-770x_

Իշխանության «Չենք խոսում, որ չվնասենք»-ը շատ լավ տարբերակ է քողարկելու աշխատանքի բացակայությունը: Այս մասին ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության Ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ իրենք ամեն ինչ անում են ռազմագերիների, գերիների այլ պահվող անձանց վերադարձի համար, ուղղակի չեն բարձրաձայնում, որ չվնասեն գործընթացին:

«Այն խողովակները, որոնք ինձ համար տեսանելի են, դրանցով աշխատանքը կամ շատ չնչին է կամ բացակայում է: Ես սովոր եմ գործողությունները գնահատել արդյունքներով, իսկ արդյունքները զրոյական են»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությանը՝ Մամիջանյանն ասաց, որ այն պահանջներ ներկայացնելու տեսանկյունից իր համար անընկալելի լեքսիկոնով էր գրված և ավելի շատ նման էր փաստերի արձանագրման և տեղեկացման հայտարարության, քան թե պահանջող հայտարարության:

«Եվ ամենակարևորը՝ տղեք ո՞ւր էիք, քանի՞ օր է անցել, ինչո՞ւ է դա նոր արվում, այսինքն պարտադիր հասարակությունը պետք է ճնշի որ ԱԳն-ն նոր աշխատի: Սա ինձ համար անընկալելի է՝ հայ մարդ, որը անտարբեր է գտնվում մեկ այլ հայի նկատմամբ Բաքվում իրականացվող խոշտանգումներին և տանջանքներին: Ինչպե՞ս կորակեք այդ մարդուն, ես դա կթողնեմ մեր քաղաքացիներին, թող իրենք որոշեն, թե ինչ որակում է  հասնում նրանց»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի, որ չի անում իշխանությունը, պատգամավորն ասաց. «Շատ տարբերակներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև, բանակցություններն ընթանում են մի քանի ձևով՝ Մհեր Գրիգորյանի հանձնաժողովները, Փաշինյանի և Ալիևի հանդիպումներ, եթե չեմ սխալվում գերիների հարցով կա ԱԱԾ պետերի միջև ֆորմատը, իսկ գուցե արժի Ադրբեջանի պահանջները հատ առ հատ հերթով կատարելու արանքում մի պահանջ էլ իրենք ներկայացնե՞ն»,- նշեց նա: