Փարիզը քննարկում է ուկրաինական հանքային ռեսուրսների մշակումը պաշտպանական արդյունաբերության կարիքների համար

Հոկտեմբերից Փարիզը Կիեւի հետ քննարկում է ուկրաինական հանքային ռեսուրսների մշակումը ֆրանսիական պաշտպանական արդյունաբերության կարիքների համար, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն։
«Ուկրաինայի նախագահը մի շարք առաջարկներ է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ Ֆրանսիային»,- ասել է նախարարը։
Ըստ Լեկորնուի՝ Ուկրաինայի ղեկավարությունը հանքային ռեսուրսները դիտարկում է որպես ռազմավարական ակտիվ, որը կարող է օգտագործվել գործընկերների հետ բանակցություններում Ուկրաինայի տնտեսական կայունությունն ամրապնդելու համար:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ ռազմավարական նյութերի մատակարարման շուրջ, ինչը Ֆրանսիային թույլ կտա դիվերսիֆիկացնել ներմուծումը։
Նախարարն ընդգծել է, որ ուկրաինական ռեսուրսները կօգտագործվեն զենքի արտադրության մեջ, և ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում։ «Մեր պաշտպանական արդյունաբերությանը սպառազինությունների ստեղծման համար անհրաժեշտ կլինի կրիտիկական հումք՝ ոչ միայն հաջորդ տարի, այլ 30-40 տարի»,- ընդգծել է նա։
Լեկորնուն նաև նշել է, որ տնտեսական և ռազմական հարցերը անքակտելիորեն կապված են միմյանց հետ։