Այս պահին հյուրանոցում գտնվում է 29 քաղաքացի. մարզպետը զեկուցել է Ստեփանավանի հրդեհից հետո իրականացված աշխատանքները
![477440873-951100453873606-7322430576928805347-n-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/477440873-951100453873606-7322430576928805347-n-770x_.jpg)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։
Այնուհետև նախարարն այցելել է հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Խուդաթյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել պայմաններին։
Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։
Այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Խորհրդակցության ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել էր: