Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի: