Պետությանը և համայնքին պատճառված վնաuից վերականգնվել է շուրջ 56 միլիոն դրամը․ ամփոփվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Արմեն Օսեյանը, ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին վարչական շրջանում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում նախաձեռնվել է 2396 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2410 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 535 քրեական վարույթ՝ 554 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 524 քրեական վարույթ՝ 550 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 479 քրեական գործ՝ 515 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 496 քրեական գործ՝ 529 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 56 միլիոն դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից կատարված և ամփոփված 27 ուսումնասիրություններին՝ Արմեն Օսեյանը տեղեկացրել է, որ դրանց արդյունքում ներկայացվել 19 հայցադիմում:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ուսումնասիրվել է նաև Երևան քաղաքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 9000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ՓԲ ընկերությանն օրենսդրության պահանջների խախտմամբ օտարելու հանգամանքը: Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել իրավասու դատարան:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղեկացմամբ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, դատախազական ներգործության արդյունքում, «Մայրության» այգու տարածքում տեղակայված մետաղական կոնստրուկցիայով ինքնակամ շինությունն ապամոնտաժվել է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմիններին ուղարկվել է 24 միջնորդագիր՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացմանը: Միջնորդագրերից մեկը վերաբերել է «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր»-ին:
Աննա Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:
