Մադուրոն Նյու Յորքի բшնտում է, իսկ Պուտինը՝ ոչ․ ո՞վ է պատասխան տալու, եթե Պուտինը հարձшկվի Եվրոպայի մեկ այլ երկրի վրա․ Զելենսկի
Ճիշտ մեկ տարի առաջ, հենց այս ֆորումում, ես ասացի, որ Եվրոպան պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվել: Մեկ տարի է անցել, և ոչինչ չի փոխվել: Մենք դեռ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված եմ նույն խոսքերն ասել, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Անվտանգության ոչ մի երաշխիք չի գործի առանց Միացյալ Նահանգների։ Այսօր իմ հանդիպումը Թրամփի հետ լավն էր»,-նշել է Զելենսկին։
Նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց կանխել Եվրոպայի կողմից սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար։
«Մադուրոն Նյու Յորքի բանտում է, իսկ Պուտինը՝ ոչ։ Ո՞վ է պատասխան տալու, եթե Պուտինը հարձակվի Լիտվայի կամ Լեհաստանի վրա։ Ռուսաստանի ռազմական հանցագործությունների գործերով զբաղվող տրիբունալը դեռևս նույնիսկ շենք չունի։ Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, որ ՆԱՏՕ-ն կգործի սպառնալիքի դեպքում։ Բայց իրականում ոչ ոք չի տեսել, թե ինչպես է Դաշինքը գործում։ Դուք 40 զինվոր ուղարկեցիք Գրենլանդիա։ Ինչո՞ւ։ Ի՞նչ եք փորձում ասել Ռուսաստանին։
Հրթիռները երբեք պարզապես զարդարանք չեն։ Դրանք տեղակայված են Բելառուսում, դրանք կարող են հասնել ԵՄ, և Եվրոպան ոչինչ չի անում։ Բռնապետները պետք է կորցնեն իշխանությունը, այլ ոչ թե ձեռք բերեն այն։ Չինաստանը օգնում է Ռուսաստանին։ Բայց դա միայն Չինաստանը չէ. Ռուսաստանը հրթիռային բաղադրիչներ է ստանում եվրոպական երկրներից և Միացյալ Նահանգներից։
Հիմա բոլորը ուշադրությունը սևեռել են Գրենլանդիայի վրա, և դա հասկանալի է. առաջնորդների մեծ մասը պարզապես չգիտի, թե ինչ անել: Եվ թվում է, թե բոլորը սպասում են, որ Ամերիկան սպառի այս հարցը»,-ասել է Զելենսկին։
