Ցանկություն չունեմ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունեմ, անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան
Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել, իմ դիմումը մերժվել է: Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական և լինել ցուցակում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է ինի թափանցիկություն ու հավասարություն, պետք է բոլոր կուսակցականների համար թափանցիկ լինի գործընթացը: Ցավոք սրտի, իմ բազմաթիվ կուսակցական ընկերները տարակուսանք են հայտնում, իրենք տեղեկացված չեն, թե ինձ ինչու թույլ չի տրվել ընդրգրկվել ցուցակում: Առաջիկայում եթե որևէ բան չփոխվի ու վարչությունը նոր որոշում չկայացնի և նիստ չանեն ու չորոշեն, որ իմ նկատմամբ սխալ են արել՝ ես չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Ասեմ, որ էլ նման ցանկություն չունեմ լինել նախընտրական ցուցակում»,- նշել է նա:
Հարցին, թե կմնա՞ արդյոք որպես ՔՊ անդամ, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունների ավարտը՝ 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու է իր լիազորությունների սահմաններում աշխատել:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պլանավորելուն՝ Սարգսյանը նշեց, որ չունի նման պլանավորում ու դրա անհրաժեշտությունը չկա. «Ես հասկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»:
