Կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար՝ այդ որոշումն անհրաժեշտ ենք համարում. Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

hq720-1768466977835-770x_

Կառավարության նիստում հարցը զեկուցվել է, և ներդրվել է նոր ինստիտուտ. նպատակներից առաջինը կառավարության գործունեությունը և նրա ծրագրի իրականացումը դարձնել ավելի արդյունավետ: Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականն իրականացնելու ու կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ: Պատասխանելով պարգևավճարների վերաբերյալ հրապարակված թվերին ու քաղաքացիների շրջանում դրանց առաջացրած հանրային քննարկումներին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Հարցին՝ արդյոք պետության համար հույժ կարևոր աշխատանք են կատարել նախարարները, փոխնախարարները, վարչության ու բաժնի պետերը, որ նրանց պետական բյուջեից են հատկացվել պարգևավճարներ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վերջին շրջանում նկատել են միտումներ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում. «Հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ: Հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և, ըստ էության, մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»: