Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող «Mamik Residence» բազմաբնակարանային շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա են անում: Շատերը դեռևս 2022 թվականից բնակարաններ են ձեռք բերել, որ պետք է պատրաստ լինեին մի քանի ամսվա ընթացքում, սակայն մինչ հիմա չեն տեղափոխվել իրենց ձեռք բերված տները:
Ըստ բնակիչների՝ կառուցապատողը մեղադրում է վաճառողին, իսկ վաճառողը՝ կառուցապատողին, ինչի պատճառով բնակիները տևական ժամանակ չեն կարողանում ապրել իրենց սեփական բնակարաններում:
Քաղաքապետարանում զրուցում են քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանի հետ:
«22 թվին գնել ենք այդ բնակարանը բավականին թանկ գնով, այդ գնով կարող էինք երկու բնակարան գնել, անշարժ գույքի գործակալությունը մեզ վստահեցրեց, որ գնելուց 2-3 ամիս հետո շենքը պատրաստ է լինելու ու հիմա այնպես ստացվեց, որ կառուցապատողը՝ Հակոբ Հակոբյանը մահացավ, նրա տղան չի զբաղվում շենքով, ամեն հանդիպմանը մեզ խաբում է՝ այսինչ ժամանակ կլինի ու չի լինում այդպես էլ»,- ասաց բնակիչներից մեկը:
Վերջինս նշեց, որ իր ընտանիքը 580 հազար հիփոթեք է վճարում: «Բնակարանները գնածների մի մասը վարձով է ապրում, բավական չէ, թանկով գնել ենք, մի հատ էլ ինքը ոչ զանգերի է պատասխանում, ոչ հանդիպումների գալիս: Հիմա քաղաքապետարանին ասում ենք ի՞նչ լծակներ ունեք, օգնեք մեզ:
2-3 տարի է ձայն չենք հանում, հիմա ես 2 ամիս հարկ չտամ, ինչ ասես կանեն հետս, բա մի հատ էլ թող իրեն կանչեն ասեն, միտումնավոր սնանկացման ես գնում, ինչի՞ ես գնում»,- պատմեց նա:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը լոյալ է տրամադրված այս հարցին:
Նշենք, որ կառուցապատող ընկերությունը «Կվադրատ»-ն է: