Քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման վերաբերյալ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը զեկուցել է ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների վերաբերյալ:
Մանրամասներ են ներկայացվել ջրային ոլորտի կառավարման, պլանավորման, կանխատեսումների, ենթակառուցվածքների արդիականացման հետ կապված հարցերի վերաբերյալ: Արամազդ Ղալամքարյանը նաև զեկուցել է 2026թ․ ոռոգման ջրի առաջարկի և պահանջարկի կառավարման միջոցառումների վերաբերյալ, որոնք կներառեն միջգերատեսչական ինտեգրված համակարգումը և ներդաշնակեցումը, ջրային հոսքերի և բացթողումների միասնական կառավարումը, ոռոգման ջրի պահանջարկ–առաջարկի մեթոդաբանության վերանայումը, ոռոգման ռեժիմների և նորմատիվների վերանայումը, պոմպակայանների հզորացումը և այլն: Զեկուցվել է նաև ջրամբարների լցվածության ցուցանիշների, Սևանա լճից և այլ հիմնական աղբյուրներից ջրառի, ոռոգման համակարգի ցուցանիշների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Արարատյան արտեզյան ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, ջրային ռեսուրսների մոնիթորինգի ներկայիս ենթակառուցվածքի վիճակին, վերջինիս վերազինման ու արդիականացման ծրագրերին։
Ընդգծվել է ջրային համակարգի կառավարման ձևաչափի վերանայման և այլ արդյունավետ մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որոնք միտված կլինեն ջրային պաշարների և համակարգերի կայուն, արդյունավետ և ինտեգրված կառավարմանը:
