Ֆուտբոլում հոգեբանական վերելքներն ու անկումները բնական երևույթ են․ Հենրիխ Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում կրած ծանր պարտությունից հետո թիմի հոգեբանական վիճակի և այդ շրջանը հաղթահարելու մասին։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նեաձուրիները եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էին ֆրանսիական ՊՍԺ-ին։
«Չպետք է մոռանանք այն ճանապարհը, որը մենք անցանք։ Մրցաշրջանը չափազանց երկար ու ծանր էր․ հաշվի առնելով նաև աշխարհի ակումբային առաջնությունը՝ մենք անցկացրել ենք 63 հանդիպում։ Քրիստիան Կիվուն թիմը գլխավորեց բարդ պահի, սակայն կարողացավ մեզ փոխանցել վստահություն ու էներգիա, որպեսզի թողնենք հետևում ՊՍԺ-ի դեմ խաղն ու նայենք առաջ։
Ֆուտբոլում հոգեբանական վերելքներն ու անկումները բնական երևույթ են։ Եզրափակիչում պարտվելուց հետո, իհարկե, մեծ հիասթափություն կար, բայց ժամանակի ընթացքում հասկացանք՝ եթե չկարողանանք ինքներս մեզ վերագտնել, ապագայում պարզապես չենք կարող պայքարել մեծ նպատակների համար»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Cronache di Spogliatoio-ն։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
